12 07 2019

Երկիրը նստած է սոլիդության և լրջության համատարած դիետայի վրա․ կարծիք

Երկիրը նստած է սոլիդության և լրջության համատարած դիետայի վրա․ կարծիք

Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։

Այսօր ապագայի ցանկացած հաշվարկ արվում է անցյալի հիման վրա։ Հաջորդ փուլի հաշվարկը հնարավոր կլինի արդեն միայն երբ Հայաստանում այսօրվա ստատուս քվոն փոխվի, լինեն որոշ կանխատեսելի ու նաև անակնկալ զարգացումներ, արտաքին և ներքին շոկեր, ձևավորվեն որոշակի նոր իրողություններ։ Այդ ամենից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել այդ «նոր ներկայի» ապագան։

Սոլիդության համապետական դիետան

Հայաստանում այսօր գրեթե ամեն ինչ ժամանակավորության բնութագիրն ունի։ Երկրում չկա քաղաքական համակարգ, պրոցեսները գնում են բացառապես մեկ մարդու որոշումներով և մեկ մարդու շուրջ, հանրությունը գտնվում է հետմանիպուլիացիոն տրամադրությունների տակ՝ մոլորված։ Կա իշխանություն՝ ինքն իր համար, այդ թվում՝ ազնիվ մարդկանցով համալրված, բայց որի հիմնական գործունեությունը մեկ մարդու սպասարկումն է, կան անհատներ իշխանության մեջ, որոնք խորը մտահոգություններ ունեն՝ ներսից, կան անհատներ իշխանությունից դուրս, որոնք հասկանում են բոլոր ռիսկերը, բայց չեն պատկերացնում իրենց անելիքը։ Եվ իհարկե՝ օր օրի ավելի պարզորոշ է երևում այն անտեսանելի ձեռքը, որը փորձում է երկրում անոշորություն ու անկայունություն ստանալ, որը լուծում է բոլորովին այլ հարցեր և, որի համար Հայաստանն ընդամենը տարածաշրջանային կետ է։

Այս պայմաններում մեր երկիրը նստած է սոլիդության և լրջության համատարած դիետայի վրա։ Սա չի կարող անվերջ շարունակվել։ Այս իրավիճակի ամենամեծ պարադոքսը և միաժամանակ հմայքն այն է, որ ստեղծված իրականությունը թերի է բոլորի համար։ Հետևաբար՝ բոլորն են փորձելու փոխել այն։ Հասկանալի է, ամեն մեկը՝ իր պատկերացումների ուղղությամբ։ Ամեն շրջանակ ձգտելու է իրականացնել իր պատկերացումների փոփոխությունները։ Այս բազմավեկտոր փոփոխությունների արդյունքում, ի վերջո, փոփոխվելու է ստատուս քվոն՝ ներհայաստանյան հարաբերությունների ու զարգացման տրամաբանության։ Փորձենք առանձին-առանձին դիտարկել տարբեր շրջանակների փոփոխության պոտենցիալը։

Իշխանություն

Ակնհայտ է, որ այսօրվա վիճակը իշխանությանը չի գոհացնում՝ բոլոր հիմնական ուղղություններով։ Փող չկա, գործ չի արվում, բազմամիլիարդանոց թալանի վերադարձից ձայն չկա, ռեֆորմներ չեն իրականացվում, չի հասկացվում՝ ինչ պետք է անել և այլն։

Հընթացս ձևավորվում են նոր ռիսկեր։ Մյուս կողմից՝ ի տարբերություն մեկ տարի առաջվա իրականության, ձևավորվում են հանրային հակազդեցության մեխանիզմներ՝ ի դեմս նոր միավորների, չլռող անհատների, մամուլի, նոր ձևավորվող քաղհասարակության ինստիտուտների և այլն։ Լայվի գերիշխանության փուլը մոտենում է ավարտին, պետք է գործ անել, արդյունք տալ, հակառակ դեպքում իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու։ Հետևաբար՝ նա կամ պետք է սկսի աշխատել, իսկ դա նշանակում է կադրային, թիմային ռեսուրսի և ընդհանուր երկրի մթնոլորտի էական փոփոխություններ, կամ լրիվ հակառակը՝ հարձակումներ հանրային դիմադրության վրա, նոր դատեր, նոր լայվեր, նոր լեգենդներ։ Երկու հակադիր լուծումներն էլ իրականում փոփոխությունների մեծ ռեսուրս ունեն։ Այլ հարց է, թե դրանցից, որ մեկը որոշ ժամանակ հետո ուր կտանի։ Իշխանության՝ փոփոխությունների պոտենցիալը ավելի ճիշտ հասկանալու համար, խնդիրը կարիք ունի ներքին բաժանման ևս՝ իշխանության ներսի սոլիդ ներկայացուցիչները այսօր արդեն ունեն լուրջ մտահոգություններ. այլ հարց է, որ այս պահին չկա դրանց արտահայտման մեխանիզմները։ Բայց վաղը-մյուս օրը դրանք գտնվելու են։ Այդ դեպքում կա՛մ նրանք կհաղթեն պոպուլիզմին, կա՛մ ներսի ու դրսի հակառակորդները կփորձեն խաղիղ դուրս թողնել նրանց։ Սա նույնպես տեսանելի փոփոխության ուղղություն է։

Իշխանությունից դուրս շրջանակները

Այստեղ նույնպես խճճված ու խմորվող իրականություն է, և դա չի կարող անվերջ շարունակվել։ Ի՞նչ ունենք. բավականին գրագետ անհատների հայտեր, որոնք հանրային կյանքում, առանց որևէ կոորդինացիայի աշխատելով, կարողանում են տրամադրություններ փոխել, օրակարգային հարցեր ձևակերպել և հասարակության արդեն մի զգալի հատվածի համար ձևակերպել այլընտրանքի պահանջը։ Իսկ ի՞նչ չունենք ոչ իշխանական շրջանակներում. չունենք հստակ, առանց տողատակերի տեսլականի ձևակերպում։ Հանրությանը պետք է շատ հստակ ցույց տալ, որ նպատակը հին բարքերի կամ հին խաղի կանոնների վերադարձը կամ պաշտպանությունը չէ։ Մենք ունենք շատ հստակ նպատակ՝ պայմանական ասած՝ «Ավելի նոր Հայաստանի» մոդելը, ինչը ենթադրում է պետության գրագետ մոդեռնիզացիա, գրագետ բարեփոխումներ, համատարած աշխատանքի մթնոլորտ և ներքին համերաշխություն։ Շատ կարևոր է՝ հասկանալ և հասկացնել, որ «Հին Հայաստանը» արդեն չկա (բարքերի իմաստով), իսկ «նոր Հայաստանը» դեռ չկա։ Եվ այս պատկերացումներով՝ չի էլ լինելու։ Հետևաբար՝ խնդիրը մեկն է՝ դուրս գալ այս անցումային փուլից և ձևավորել հստակ տեսլականներով, զարգացման հստակ ճանապարհով Հայաստան։ Գալ պետության զարգացման հաջորդ փուլին։

Հակառուսական կենտրոններ

Ակնհայտ է, որ այն կենտրոնները, որոնց խնդիրը Ռուսաստանի հարևանությամբ և Ռուսաստանի, այսպես կոչված, անվտանգության գոտում ապակայունացման օջախ ստեղծելն է, բավարարված չեն այսօրվա վիճակով։ Նրանք, իհարկե, նկատելի հաջողությունների հասել են Հայաստանում, բայց այս վիճակը իրենց բավարար չէ։ Նայեք Ուկրաինայի և Վրաստանի օրինակներին, և հնարավոր կլինի պատկերացնել ակնկալվող ծավալները։ Հայաստանը դեռևս չի վերածվել Վրաստանի կամ Ուկրաինայի։ Պետք է ենթադրել, որ առաջիկա ծրագրերում է «պատմական կաղապարներից դուրս գալու» կոչը իրականություն դարձնելը։ Ինչպե՞ս են դա անելու. ա/ արհեստական, վտանգավոր գաղափարների ներմուծմամբ, բ/ պետության ներքին օրակարգը ձևավորելու նախաձեռնությունը վերցնելով, գ/ իշխանության մեջ եղած սոլիդ անհատների դեմ արշավով և նրանց մեկուսացմամբ, դ/ Հայաստանում 5-րդ շարասյան կտրուկ ակտիվացմամբ և հակառուսական հիսթերիայի փորձերով ե/ հաղթանակի հեղինակների նպատակային վարկաբեկմամբ։ Կարծում եմ՝ կարիք չկա մանրամասնելու, թե փոփոխությունների ի՛նչ ռեսուրս ունի այս ուղղությունը։ Ահռելի թանկ կամ գուցե՝ անվերադարձ փոփոխությունների ռեսուրս։

Ռուսաստան

Ընդունելով հանդերձ, որ Ռուսաստանը նման մարտահրավերներում ճկուն չէ և չունի 21 -րդ դարի մտածողությամբ և մեթոդներով հակազդման փորձառություն, պետք է ընդունենք նաև, որ պուտինյան Ռուսաստանը բոլոր եղանակներով պաշտպանելու է իր պետական շահերը։ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու Հարավային Կովկասում հերթական հակառուսական օջախի ձևավորման պրոցեսում։ Եթե իր շահը պահանջի՝ փոխել իրականությունը Հայաստանում կամ նույնիսկ Հարավային Կովկասում, նա դրան գնալու է։ Մեզ համար կենսական կարևորության հարց է՝ չդառնալ այդ փոփոխությունների գինը։

Ադրբեջան և Թուրքիա

Ներհայաստանյան ստասուս քվոն փոխելու զգալի ռեսուրս ունեն մեր հակառակորդները՝ խրամատի այն կողմում գտնվող հարևանները։ Բայց կա մի շատ կարևոր վերապահում՝ նրանց ռեսուրսի ռեալիզացիայի հնարավորությունը կախված է մեզանից։ Ադրբեջանն ու Թուրքիան համբերատարությամբ հետևելու են մեր թուլացման, ներքին պառակտման, Ռուսաստանի հետ հարաբերությունների խարխլման և երկրում դատարկախոսության քայլին և համբերատար սպասելու են ամենաճիշտ պահին՝ փոխելու ոչ միայն հայաստանյան, այլև Հարավային Կովկասի ստատուս քվոն։

Պետական համակարգ, իշխանության էֆեկտիվություն

Պետության շարժիչը չի աշխատում, և սա օր-օրի ավելի նկատելի է դառնում։ Չկան բարեփոխումներ, չկան անհատական բարեփոխիիչներ, ովքեր կվերցնեին կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և կարձանագրեին արդյունք։ Մարզերում դժգոհությունը արդեն համատարած է, Երևանում քաղաքային կառավարումը տապալված է։ Մեկ աշխատանքային օրվա լուծվելիք հարցերը կարող են շաբաթներով ձգձգվել։ Ոչ մի նոր միտք, ոչ մի նոր ծրագիր, ոչ մի նոր ռեսուրս։ Նոր կադրերի ճնշող մեծամասնությունն ուղղակի չի պատկերացնում իր անելիքը։ Նոր Հայաստանը նույնականացվում է չաշխատող Հայաստանի հետ։ Այս պատկերը շատ լավ հասկանում են իշխանության մեջ եղած գրագետ մարդիկ։ Եվ բոլոր ինքնուրույն մտածող մարդիկ հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել։ Փոփոխություններ են պետք։Հասարակություն

Գիտական ձևակերպումներով՝ պրակտիկ սոցիոլոգիայի տեսանկյունից շատ դժվար է հասկանալ հայ հասարակությանը։ Դա միշտ էլ դժվար է եղել, որովհետև այն մի ձեռքով գրին քարտ է շահում, մյուսով՝ մինչև Կիրովաբադ պահանջում, իր տղաների համար ՌԴ քաղաքացիություն հանում, բայց «դավաճանություն» կոչում խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած փորձ։ Իսկ այսօր ընդհանրապես անլուծելի խնդիր է հասկանալ հայ հասարակության հավաքական տրամադրությունները։ Բայց մի հետաքրքիր ձևակերպում, միջին վիճակագրական քաղաքացուց վերջերս լսել եմ. հիմա վատ է, բայց առաջ՝ անհույս էր։

Որքան էլ պարադոքսալ հնչի՝ այս երկու նեգատիվ բնորոշիչների մեջ իրականում պոզիտիվ մեծ ռեսուրս կա. եթե հիմա վատ է, ապա պետք է փոխել, եթե առաջ անհույս էր, ապա հնին վերադարձ չի կարող լինել։ Հետևաբար՝ լուծումները առջևում են։ Սա միակ բանաձևն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել «հնի» և «նորի» կարող ուժերը, ստանալ երկրի մոդեռնիզացիայի համար անհրաժեշտ մարդկային և ինտելեկտուալ պոտենցիալը։ Դա պետք է դառնա քաղաքացու և հասարակության պահանջը։ Եվ լուծումը կգտնվի։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հ.Գ. Երեկ կառավարության նիստում քննարկվում էր տրանսպորտային պատահարների ահագնացող խնդիրը։ Նշվեցին բազմաթիվ պատճառներ, բոլորն էլ խելամիտ, բայց բոլորն էլ միայն տեխնիկական։ Ճանապարհային երթևեկությունը հանրային տրամադրությունների ուղիղ արտացոլումն է։ Քշում են այնպես, ինչպես ապրում են։ Երբ ցածր իրավագիտակցությամբ զանգվածներին «դուխ» ես տալիս, այդպես է լինում։

Զանգվածներին ասվել է, որ կառավարության դուռը իրենցն է, ինչ կուզեն՝ կանեն։ Հիմա էլ երթևեկության կանոններն են իրենցը, ինչ կուզեն կանեն։ Համատարած «դուխ» և համատարած անպատասխանատվություն։ Համատարած անմտություն։ Սա է հասարակական իշխող տրամադրությունները երկրում և հետևաբար՝ ճանապարհներին։ Այս թեմայով ոչ հրապարակային զրույցում վերջերս երկրի ամենակրթված մարդկանցից մեկը ասաց. Երևանի այսօրվա երթևեկությունը հիշեցնում է քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի երթևեկությունը։ Եվ այս խնդիրը տեխնիկական միջոցներով չի լուծվելու։ Խնդիրը լրիվ ուրիշ խորքերում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ