Հայաստանի առաջին տիկին, Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկի (country rank № 103) գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Բեյրութում կայացած հայ մամուլի համահայկական համագումարի ընթացքում անդրադարձել է հայկական լրատվամիջոցների հիմնախնդիրներին։ Որպես կարևորագույն խնդիր՝ նա կրկին նշել է լրատվամիջոցների ֆինանսավորման և ֆինանսավորման թափանցիկության հարցը։
Նոր Հայաստանի համար լրատվամիջոցների թափանցիկության խնդիրը մնում է որպես idee fix, և այս հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ հաճախ շատ քաղաքական ուժեր, օլիգարխներ, օտարերկրյա գործակալներ նյութապես օժանդակում են մամուլի տարբեր օրգաններին, իսկ այսպիսի մամուլն էլ հրապարակում է այնպիսի լուրեր և մեկնաբանություններ, որոնք բխում են ոչ թե ժողովրդի շահերից, այլ այս գործակալների ու օլիգարխների կամքից։ Իհարկե, կան նաև ժողովրդի իղձերն ու ցանկություններն արտահայտող լրատավամիջոցներ․ նոր իշխանության 20-25%-ը նախկին լրագրողներ են՝ թերևս հենց այսպիսի ժողովրդական թերթերից։
Տիկին Հակոբյանը, որպես ֆինանսավորման հիմնախնդրի լուծման տարբերակ, առաջարկում է բաժանորդագրությունը։ Կարծում ենք, որ այն ոչ միայն որոշ չափով կխաթարի կարևոր տեղեկատվության տարածումը, այլև՝ բնակչության ցածր վճարողունակության պատճառով, էապես չի լուծի մամուլի խնդիրները։
Որպես լրատվամիջոցների ֆինանսավորման ավելի հաջող տարբերակ՝ կարելի է դիտարկել այն փորձը, որն այս ընթացքում արդեն կուտակել է առողջ, ժողովրդական մեդիան։ Անհրաժեշտ է ամեն լրատվամիջոցին կից ստեղծել բարեգործական հիմնադրամ, որտեղ իրենց կամավոր մուծումները կանեն քաղաքացիները, դրանով իսկ լրատվամիջոցը կդառնա ժողովրդական, ավելին՝ ժողովրդավարական։
Այս դեպքում պետք չէ խուսափել նաև կրիմինալ փողերից, պետական բյուջեից կատարած հափշտակություններից, որովհետև, ինչպես բազմիցս նշել է տիկին Աննա Հակոբյանը, այս դեպքում կարևորն այն է, որ այս գումարները կծառայեն բարի նպատակի։ Ֆոնդերում իրենց ներդրումները կարող են կատարել նաև օլիգարխները, որոնք արդեն կարող են համարվել պարզապես սեփականատերեր, որոնք մեր տնտեսության բարգավաճման հիմնասյունն են։ Օտարերկրյա գործակալների կողմից ֆինանսավորումը կարող է նշվել «անանուն» անվան տակ, այսինքն՝ ինկոգնիտո նվիրատվությունը լիովին ընդունելի ձև է Նոր Հայաստանի հիմնադրամներում։
Աղասի Ենոքյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը