24 05 2019

Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա. Արթուր Վանեցյան

Դատավորների վերաբերյալ դոսյե ԱԱԾ-ում չկա. Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ն միշտ էլ զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից։ Այս մասին մայիսի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նախընտրական շրջանում էր հայտարարել, որ կան դավադիրներ, որոնք Արցախից հող հանձնելու միտում ունեն։

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ վեթինգի իրականացման գործընթացում ԱԱԾ-ի գործառույթին, Վանեցյանն ասաց․ «Վեթինգը պետք է ընդունվի համապատասխան մարմինների կողմից։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ դա օրենք, թե որոշում է լինելու, երբ հստակ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ԱԱԾ-ն այս գործընթացում կունենա գործառույթներ, միանշանակ կիրականացնի իր անելիքները»։

Հարցին՝ միայն դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, թե այլ համակարգերի՝ այդ թվում նաև ԱԱԾ-ի ներկայացուցիչները, նա ասաց, որ ինքն անհրաժեշտություն է տեսնում առհասարակ ուսումնասիրությունների, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին. «Պետք է անել ամեն ինչ՝ դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն»,- շարունակեց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝դատավորների հետ կապված հայտարարություններից հետո ԱԱԾ-ն որևէ գործողություններ իրականացնո՞ւմ է Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե ԱԱԾ-ում «դոսյե» չկա. «ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհրաժեշտության դեպքում և համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքի: Թե կլինի այդ անձը դատավոր, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որևէ կապ չունի»:

Ինչ վերաբերում է՝ Կառավարությունում ծանոթ-բարեկամով գործի անցնելու լուրերին, ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրենց կողմից նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներից հետո այս հարցերի պատասխանները կտրվեն։ Նա նաև համակարծիք չէ, որ այս հարցերի լուծումներում կառավարության քայլերն ուշացած են. «Կոռուպցիայի դեմ պայքար իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից։ Եղել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ընդգծեց Վանեցյանը։

Անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին ԱԱԾ ղեկավարն ասաց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանը օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել.

«ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման Հայաստան բերել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, որոնք Թուրքիայից պարբերաբար ապրանքներ են բերում, չեն ցանկանում մաքսազերծման համար նախատեսված գումարները վճարել։ Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որի չեն ցանկացել մաքսազերծել։ Ընդ որում 20–ից ձևակերպված է եղել ընդամենը 3 տոննան, այն էլ հագած հագուստներ, խողովակներ, որոնց համար չնչին մաքսատուրք է նախատեսվում»,- հայտարարեց նա։

Նրա պնդմամբ՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել.«Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնավնասման փորձ կանեն, ինքնասպան կլինեն»,-ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի այն մասին, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,- ասաց նա՝ նշելով, որ եթե պարզվի, որ խախտում է առկա, այդ անձը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության է ենթարկվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ