Panorama.am-ը գրել է.
Մաս 1. Մեղադրանք
Այսպիսով, անցել է ավելի քան 10 ամիս Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի քննության նոր փուլի մեկնարկից, որը հայտարարվել էր Հայաստանի նոր «Հեղափոխական» իշխանությունների կողմից: Քոչարյանի և այլոց մասով գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին, ուղարկվել է դատարան: Ընդհանրացված տեսքով այս գործի քննության նկատմամբ հասարակական-քաղաքական և հոգեբանական ընկալման տեսանկյունից ի՞նչ ունենք: Հիմնական ուղերձը հետևյալն է. մարտի 1-ի քրեական գործի ներկայիս ձևով առանձնացված մասը Հայաստանի հեղափոխական իշխանությունների համար գիլյոտին է դարձել: Ինչո՞ւմ և ինչպե՞ս է այն արտահայտվում.
1. Մեղադրանքը Հայաստանի նախքին իշխանությունների ներկայացուցիչների փիլիսոփայությունն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Ըստ էության, դրա նպատակն է պատժել Հայաստանի երկրորդ նախագահին այն բանի համար, որ վերջինս 1998թ.-ին վերցրեց իշխանությունը Տեր-Պետրոսյանի ձեռքից և իշխանությունից մեկուսացրեց նրա մտերիմներին, ինչպես նաև 2008թ.-ին նրանց թույլ չտվեց ռևանշի հասնել:
2. Մեղադրանքը նոր իշխանությունների կողմից Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը այդ ժամանակվա իշխանությունների վրա գցելու և իրենց վրայից արյունը մաքրելու ձգտումն է, հաշվի առնելով այն, որ իրենց մասով արդեն իսկ գոյություն ունեն մեղադրական դատավճիռներ: Բացի այդ, նկատելի է տարրական ցանկությունը՝ նախկիններին պատժելու այն վերաբերմունքի համար, որին արժանացել են ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները ժամանակին իրենց նկատմամբ իրականացված քրեական վարույթի շրջանակներում: Մասնավորապես խոսքը Նիկոլ Փաշինյանի կալանավորվելու, Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր հետ կապված դրվագների մասին է և այլն:
3. Մեղադրանքը, փաստորեն, որպես այդպիսին, դեռ նախքան վերջնական դատական վճռի հրապարակումը նախկին իշխանություններին պատժելու ձև է: Երկրորդ նախագահի կալանավորումը, հաշիվների վրա կալանքի և ընթացակարգային բնույթի այլ միջոցների կիրառումը գոնե այս փուլում Քոչարյանին և մյուսներին պատժելու ցանկությունն է՝ պայմանավորված դատական գործընթացի վերջնական արդյունքի նկատմամբ անվստահությամբ:
4. Մեղադրանքը՝ Քոչարյանին և նրա համախոհներին ներքին քաղաքական և սպասվող աշխարհաքաղաքական գործընթացներից մեկուսացնելու հնարավորություն է, քանի որ վերջիններս կարող են պոտենցիալ դիմադրություն ցուցաբերել և գործող իշխանությունների դեմ ուժեր մոբիլիզացնել:
5. Մեղադրանքը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում տնտեսական միջամտություններ և հավանաբար սեփականության վերաբաշխում իրականացնելու հնարավորություն է: Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել հայտնի Սիլվա Համբարձումյանի ի հայտ գալը՝ իր մտացածին մեղադրանքներով, և մեղադրյալի կարգավիճակում հայտնի բիզնեսմենների ներգրավումը, օրինակ Սամվել Մայրապետյանին:
6. «Մեղադրանքը» որոշ բարձրաստիճան պաշտոնյաների համար իրենց երկար պաշտոնավարումը երաշխավորելու հնարավորություն է: Խոսքը գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի մասին է, ովքեր կարծես որդեգրել են<<Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում>>սկզբունքը:
7. «Մեղադրանքը» ժողովրդի զանգվածների համար տեսարաններ ապահովելու քաղաքականության մասն է՝ նոր իշխանությունների ընդհանուր պոպուլիստական քաղաքականության շրջանակներում:
8. «Մեղադրանքը» և իրավապահ մարմինների կողմից անարդար միջոցների կիրառումը վկայում են հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետաքննության գործընթացում որդեգրված ձեռագրի հետ նույնականության մասին՝ երբ հիմնական գործող անձը նույն Գագիկ Ջհանգիրյանն է. վկաների նկատմամբ ձերբակալություններ, կտտանքներ ու այլ ոչ իրավաչափ գործողություններ, որոնք ցանկալի ցուցմունքներ և հետաքննության արդյունքներ ապահովելու նպատակ են հետապնդում:
Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մտացածին լինելու հիմնական իրավական կողմերը, ըստ էության, ներկայացված են ԶԼՄ-ներում հրապարակված Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի մեջ և արտացոլված են ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդում իրականացնելու անհնարինության մասին իրավագետների հնչեցրած գնահատականներում:
Մաս 2. Սիլվա
Կաշառքի մասին մեղադրանքը, որը նաև կցվել է մարտի 1-ի գործին, ամբողջությամբ հիմնված է ոմն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների վրա, որոնք վերջինս տվել է 2018թ.-ի սեպտեմբերին և որոնց մասին, փաստորեն, նա հրապարակայնորեն հայտարարել է ԶԼՄ-ների միջոցով 2018թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս առնչությամբ, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել.
1. Իր հաղորդած տեղեկատվության համաձայն, գործարարը դարձել է գործընթացի մաս ոչ իր կամքով, քանի որ քննությունը սկսել է ուսումնասիրել 2008թ.-ի մարտի իրադարձությունների ընթացքում նրա կատարած կանխիկ գործարքները, և նա ստիպված է եղել խոստովանել, որ խոշոր դրամական միջոցներ է կանխիկացրել՝ երկրի նախկին իշխանություններին կաշառք տալու նպատակով:
Ի դեպ, քրեական գործի նյութերի համաձայն խոշոր գործարարներից, որոնք պոտենցիալ հնարավորություն ունեին խոշոր կանխիկ գումարներով ֆինանսավորել զինվորականներին, փաստացի հարցաքննվել է միայն Սիլվան: Սակայն, ինչպես ցույց են տալիս նյութերը, նրա գումարները մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չեն ունեցել:
Բացի այդ, այս համատեքստում մեծ կարևորություն է ստանում այն հարցի պատասխանը, թե որտեղից և ինչպես է քննող մարմինը տեղեկատվություն ստացել ֆիզիկական և իրավբանական անձանց կողմից կատարված 10 տարվա վաղեմություն ունեցող բանկային գործարքների մասին, ինչքանով են այս գործընթացում պահպանվել բանկային գաղտնիքի նորմերն ու կանոնները: Արդյոք քննող մարմինը, մարտի 1-ի առիթը օգտագործելո՞վ չի տեղեկատվություն ստացել այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց առևտրային և այլ գործարքների մասին, խախտելով բանկային գործունեության մասին օրենսդրությունը: Սա բավականին ակտուալ հարց է, քանի որ հետհեղափոխական Հայաստանում տեղ գտած իրադարձությունները վկայում են այն մասին, որ երկրում, շնորհիվ Կենտրանական բանկի թողտվության, խախտվել են բանկային գաղտնիքի վերաբերյալ բոլոր տարրական նորմերը և ԿԲ-ի ղեկավարությունը սեփական բարեկեցիկ գոյությունը պահպանելու համար որոշել է բավարարել իրավապահ մարմինների բոլոր քմահաճույքները:
2. Սիլվա Համբարձումյանն նաև հայտնի է նրանով, որ մեղադրանքներ է ներկայացրել նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ մեղադրանքները նա ներկայացրել է 2015թ.-ին՝ երբ իշխանությունը պատկանում էր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ Արամ Հարությունյանը բարձր պետական պաշտոն էր զբաղեցնում: Այսինքն, նա այդ ժամանակ համարձակություն և արիություն է ունեցել՝ ինչ որ իմաստով դուրս գալու իշխանությունների դեմ: Հարց է ծագում, եթե նա ժամանակին նաև Սամվել Մայրապետյանի միջոցով կաշառք է տվել Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին, ապա ինչու այդ մասին չի հայտարարել 2015թ.-ին, երբ նշյալ անձանցից ոչ մեկը, ի տարբերություն Արամ Հարությունյանի, պետական պաշտոն չէր զբաղեցնում:
Ինչո՞ւ նա նույնը չի արել 2018թ.-ի մայիս-հունիսին, երբ հեղափոխությունից հետո պահանջել է վերաբացել կաշառքի վերաբերյալ քրեական գործը: Չէ որ, այդ ժամանակ արդեն իշխանությունը Նախագահ Սերժ Սարգսյանինը չէր, արդեն գործում էր նոր իշխանությունը: Նա այդ հայտարարություններն անում է 2018թ.-ի սեպտեմբերին, երբ սկսվել էր մարտի 1-ի քրեական գործի հետաքննության նոր փուլը, և փաստացի 10 տարվա վաղեմություն ունեցող իր ձեռնարկատիրական հարաբերությունները մեկնաբանում է քնչական մարմիններին ձեռնտու ձևով:
3. Բոլորին հայտնի է, որ տիկինը գործարար աշխարում բավականին հակասական հեղինակություն ունի և տարբեր երկրներում, այդ թվում Արաբական Էմիրաթներում, գտնվում է դատական գործընթացների մեջ: Այսպես, քննությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության համաձայն, տիկին Սիլվան քննչական մարմնի հետ ձեռք է բերել ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի գործարարը կաշառքի մասին հաղորդում է տալիս, իսկ ինքը, օգտագործում է դրանց հիման վրա նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ հարուցված մեղադրանքները արտասահմանցի գործընկերների նկատմամբ ստանձնած պարտավորթյունների չկատարելը արդարացնելու նպատակով:
4. Տիկին Սիլվան միևնույն ժամանակ դառնում է քննչական մարմինների ոչ ֆորմալ խոսափողը, ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հանդես գալով տարատեսակ մեկնաբանություններով և «անհրաժեշտ» տեղեկատվական արտահոսքերով, փորձելով ազդեցություն գործել և ձևավորել հանրային կարծիք, արտահայտելով նաև հետաքննության ցանկությունները: Օրինակ, այն մասին, որ եթե Սամվել Մայրապետյանը հաստատեր իր ասածները, կլիներ նույն կարգավիճակում, որում ինքն է գտնվում՝ այսինքն ազատության մեջ և պաշտպանված:
5. Սիլվայ Համբարձումյանի մեղադրանքները քննչական մարմինների համար առիթ դարձան, որպեսզի մասշտաբային ստուգումներ սկսվեն օրինակ Սամվել Մայրապետյանի և նրա բարեկամների հետ կապված բոլոր առևտրային կազմակերպություններում վերջիններիս հիմնադրման պահից: Ակնհայտ է, որ նման ստուգումները մարտի 1-ի հետ որևէ կապ չունեն, սակայն նպատակ ունեին ոչ միայն ճնշում գործադրելու Սամվել Մայրապետյանի վրա, այլև հավանաբար, ինչպես դա եղել է Վաչագան Ղազարյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի և այլոց պարագայում, հասնել սեփականության և ունեցվածքի մի մասի օտարմանը՝ ի նպաստ պետության կամ նրա առանձին ներկայացուցիչների: Նույնը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
6. Տիկին Սիլվայի ցուցմունքները հիմք հանդիսացան Սամվել Մայրապետյանի ձերբակալության համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ դա արվում է միակ նպատակով՝ այն է վերջինիցս Քոչարյանի և նրա թիմակիցների մասին անհրաժեշտ ցուցմունք կորզել: Ընդ որում, քննչական մարմինը գնում է նրան, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալում է այդ մարդուն, ով ծանր հիվանդ էր, գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ և պետք է պահպաներ համապատասխան ռեժիմ: Հարազատների, հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների բոլոր առարկությունները անուշադրության մատնվեցին: Բժշկական հետազոտությունը նշանակվում է միայն նոյեմբերի կեսերին և իրականացվում դեկտեմբերի վերջին: Անհրաժեշտ բուժօգնությունը թույլատրվում է միայն Եվրոպական դատարանի միջամտությունից հետո: Ի՞նչ է սա, եթե ոչ անհրաժեշտ վկայություններ ու ցուցմունքներ ստանալու նպատակով իրականացված խոշտանգում: Ընդ որում, հետաքրքիր է այն փաստը, որ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների համաձայն, Մայրապետյանի գործը վարել է նույն քննիչը, ով ժամանակին կալանավորել և ձերբակալել էր հայտնի «Հաց բերողին»:
«Հաց բերողը» մահացավ երկրորդ կալանքից ազատվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, և հայտնի է, թե ինչ թեթևություն զգացին ուժայինները, որ մահը կալանավայրում չէր վրա հասել: Ի դեպ, քննության օրինականության նկատմամբ վերահսկողությունը և այն ժամանակ, և այսօր իրականացնում է միևնույն գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը: Նույն դատախազի օրոք Հայաստանում բանտում մահանում է Մհեր Եղիազարյանը:
7. Նույն թիմը այսօր փաստացի պատժում է Մանվել Գրիգորյանին, ենթադրվում է նրա համար, որ 2008թ.-ին պայմանականորեն ասած <<գցեց>> Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին, իսկ Գագիկ Ջհանգիրյանին ու նրա եղբորը, ում հետ ժամանակին անբաժան ընկերներ էին, մատնեց իրավապահ մարմիններին:
Մաս 3. Գիլյոտին
Ցավոք՝ բայց, մարտի 1-ի քրեական գործը այսօրվա իր տեսքով հանդես է գալիս որպես պոտենցիալ գիլյոտին՝
. Նախկին իշխանությունների և նրանց համախոհների համար՝ մասնավորապես Քոչարյանի և նրա թիմի, եթե ստացվի ապացուցել վերջիններիս մեղքը և նստացնել նրանց:
. Ուժային կառույցների ղեկավարների, դատախազների, քննիչների և դատավորների համար, ովքեր գործը տապալելու պոտենցիալ հնարավորություն ունեն և փաստորեն հեղափոխական իշխանությունների համար կարող են դառնալ քավության նոխազ:
. ԿԲ-ի և այլ պետ. կառույցների համար, որոնք օժանդակել են քննությանը և համապատասխան տեղեկատվություն են տրամադրել, եթե հանկարծ պարզվի, որ վերջիններս խախտել են օրենքը և սահմանված կանոնները:
. Երկրի գործող իշխանությունների համար, քանի որ պատմականորեն ձևավորված ավանդույթը վկայում է, որ շատ հաճախ հեղափոխությունները կուլ են տալիս իրենց գործիչներին: Սա այն դեպքում, երբ քրեական գործը կտապալվի և հայտնի կդառնան բոլոր շարժառիթները, որոնք գտնվել են գործընթացի հիմքերում:
. Առաջին նախագահի և նրա համախոհների համար, ովքեր այս գործընթացին գաղափարական և մեթոդոլոգիական օժանդակություն են ցուցաբերում՝ հանդիսանալով 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներ:
. Մի շարք խոշոր գործարարների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ վերջիններս մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված կարող են քնչական մարմինների կողմից ճնշումների ենթարկվել. ընդ որում առկա է վերջիններիս ունեզրկման, կապիտալի վերաբաշխման վտանգը: Խոսքը մի շարք գործարարների կողմից թիկնազորին զինելու և մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող մեղադրանքների մասին է, որոնք կարող են վերոնշյալ գործընթացների համար պատրվակ դառնալ, ինչպես նաև գործի քննության ժամանակ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ, օրինակ նույն Սիլվա Համբարձումյանի հետ կապված դրվագը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը