«Այսօր բոլորն ունեն ինչ-որ վտանգի կանխազգացում»,- Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթում ասաց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով, վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից: «Կա նաև մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի:
Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք լավ կազմակերպվել, տնտեսությունը զարգացնել: Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք Գանձակն ու Նախիջևանը ազատագրել: Արցախը Հայաստանի գոյության համար կենսական անհրաժեշտություն է: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյություն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ: Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Ամբողջ խնդիրը սա է: Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, կզիջենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք: Մենք պետք է բանակցենք, բայց նաև հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Ուստի մենք դրան պետք է պատրաստվենք ․․․ Վերջերս երկրի թիվ մեկ և թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երևույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի ով պետք է երկիրը ղեկավարի, պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարևոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ է կարևոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը