03 05 2019

Քերի՛ր քայլարածին, և տակից դուրս կգա «կոռուպցիոն համակարգի մնացորդը». 7or.am

Քերի՛ր քայլարածին, և տակից դուրս կգա «կոռուպցիոն համակարգի մնացորդը». 7or.am

7or.am-ը գրում է. «Եվրասիական միջկառավարական խորհրդիհերթական նիստի աշխատանքները, դրա արդյունքները և կարևոր մյուս հարցերը (օրինակ՝ Փաշինյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է գազի գնի հարցը, և ինչ լուծում կա այս կարևոր հարցում) թողած՝ հիմնականում քննարկվեց ՀՀ և ՌԴ վարչապետերի մասնակցությամբ հայտնի միջադեպը։

Ցավալի է, բայց բովանդակությունը թողած՝ մեզանում հիմնականում քննարկվում է ձևը։

Այդ ձևի, Մեդվեդևի ծիծաղի ու Փաշինյանի «դուխով» կամ «անդուխ» պահվածքի թեմայով սոցցանցային քննարկումները, թրոլլինգները և «պրիկոլները» հունից հանեցին Փաշինյանին, ու նա ֆեյսբուքյան գրառում արեց՝ իրեն «կպնողներին» պիտակավորելով որպես «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»։

Փաշինյանին կարելի է հասկանալ, քանզի եղածը մի բան չէր, բայց այնպես արվեց, որ նա «փչանա»։ «Ժողովրդի վարչապետը», սակայն, ինքն իր վրա պետք է զայրանա ու հերսոտի, քանզի ինքն է տարիներ շարունակ այսպիսի խաղի կանոն քարոզել, ու ինքն է հիմա նորաձև դարձրել բովանդակության փոխարեն ձևի հետևից ընկնելը։ Ինքն է մթնոլորտը կեղտոտելու կանոն սահմանել։ Ինքն է հացի փոխարեն տեսարանը կարևորել։ Ինքն է դրել հանրությունը բաժանելու հիմքերը։

Հիմա Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է։ Երբ սիրո և հանդուրժողականության կարգախոսի ներքո իրականացվում է ատելության ու անհանդուրժողականության քաղաքականություն, բնական է, որ բումերանգի էֆեկտը սկսում է աշխատել։

Ինչ վերաբերում է «կոռուպցիոն համակարգի մնացորդ» ձևակերպմանը, ապա դա առաջին հերթին վերաբերում է քայլարածներին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած ՀՀԿ-ի այն թերմացքներով, որոնք նախորդ տարվա ապրիլից հետո դարձան թունդ ու թավշյա հեղափոխականներ։

Եթե Փաշինյանը նախորդ ռեժիմի հետ սիլի–բիլի արած չլիներ կամ նորաձև լեզվով ասած՝ «կոռուպցիոն համակարգի մնացորդ» չլիներ, ապա ո՛չ խորհրդարանում կհայտնվեր, ո՛չ կուսակցություն ստեղծելու ռեսուրս կունենար, ոչ էլ «թավշյա հեղափոխությունը» գլուխ կբերեր։

«Թավշյա հեղափոխությունը» ստացվեց, քանզի նախորդ իշխանությունները թերագնահատեցին իրենց հաճախորդներին։ Թերագնահատեցին իրենց մնացորդներին։Թերագնահատեցին այնպիսի դեմքերի, ինչպիսին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով հիմա «կռուտիտ» է լինում, թե, իբր, նախկինում «ֆիկտիվ» ՀՀԿ-ական է եղել (պարզվում է, որ սույն փոքրիկ Նիկոլը, ըստ մամուլի հրապարակումների, ժամանակին նաև «ֆիկտիվ» ՕԵԿ-ական է եղել և ձեռքի հետ էլ համակրել է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ մինչ այդ մասնակցելով 1-ին նախագահի դեմ իրականացվող բողոքի գործողություններին)։

ՀՀԿ-ի «պադվալում» ու քաղաքագիտական դպրոցում պտտվել է նաև «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Լուլուները և մյուսները նույնպես նախորդ իշխանությունների հետ քսմսվել են։

«Իմ քայլը» խմբակցությունում ու նոր իշխանություներին կից շրջանակներում բազմաթիվ այլ «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կան։ Այնպես որ, Փաշինյանը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։

Մի խոսքով, քերի՛ր քայլարածներին և տակից պարբերաբար դուրս կգան «կոռուպցիոն համակարգի մնացուկները»։ Նկատենք՝ ամենաանհաջող կադրերն ու մնացորդները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ