ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։
Իսկ Հայաստանում ուղիղ մեկ տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը եւ դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։
Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։ Բայց շատերը մինչեւ վերջ մնացին անկոտրուն։
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Եւ այսօր ուզում եմ պարզ ճակատով եւ շիտակ կրկնել.
Հպարտ եմ, որ հանրապետական եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը