18 04 2019

«Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի»․ քաղաքագետ

«Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի»․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Անցումային փուլերում, երբ նախկին հարաբերությունները սկսում են քայքայվել, սոցիալական կապերի թուլության պատճառով սկսում է ուժեղանալ ավտորիտարիզմի, կամ անգամ տոտալիտարիզմի հնարավորությունը։

Հանրությունը, հորիզոնական կապերի թուլացման պատճառով, ուժեղ ձեռքի պահանջ է սկսում զգալ։

Ուժեղ ձեռքի պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ինքնակարգավորող կապերի ու իդեալների բացակայության արդյունքում առաջանում են լոկալ խմբեր և լոկալ առաջնորդներ, որոնք գոյանում են կրիմինալ հարաբերությունների հիման վրա։ Դրանք մարդկության զարգացման նախնական շրջանն են մեզ տանում։ Պատահական չի, որ վերջերս Հայստանում ամեն օր լսում ենք սպանությունների, կրակոցների, ավազակային հարձակամուների մասին։ Դրանց քանակը օրը-օրի շատանում է։

Ուժեղ ձեռքը պետք է փոխհատուցի այն վտանգի զգացումը, որը համակում է հասարակությանը։ Ոժեղ ձեռքը պետք է պաշտպանի մեզ նման երևույթներից։

Պատահական չի, որ «ժողովրդի թեկնածուն» սկսել է սպառնալիքներով հանդես գալ։ Սոցիալական անորոշության խորացման հետ զուգընթաց «ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի»։

«Կրակեմ Նիկոլը» դրանում մեղավոր չէ, դա անօրակարգ «հեղափոխության» տրամաբանական զարգացման արդյունքն է։ Հանրությունը անորոշության մթնոլորտում իրեն պաշտպանողին է որոնում, իսկ այդ դերը կարող է ստանձնել միայն պետական լծակներով օժտված անձը, առավել ևս, որ քաղաքական դաշտը քայքայված է, իսկ քաղաքական օրակարգ ոչ միայն իշխող ֆեյք կուսակցությունը չունի, այլև չունեն ընդդիմադիր ֆեյք կուսակցությունները։ Մեր ժամանակաշրջանում ցանկացած կուսակցություն ֆեյք է, եթե չունի հանրության վստահությունը, չունի սոցիալական գաղափարախոսություն ու չունի կուսակցական ժողովրդավարական մեխանիզմներ։

Մեկ անձի վրա հիմնված պետությունն այդ անձից խորքային կախվածության մեջ է ընկել։ Ինչպես այդ անօրակարգ անձն է վտանգ պետության համար, այդպես էլ այդ անձի տապալումն է վտանգ մեզ բոլորիս համար, որովհետև նրա տապալումը պետությունն առանց հենասյունի ու քաոսի վտանգի առջև է թողնում։

Կարծում եմ, որ սա է այն հիմնական քաղաքական խնդիրը, որը պետք է հանրությունը քննարկի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ