Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարություններին, որոնցում, մասնավորապես, հորդոր կա դատապարտել ատելության խոսքը։
«ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին և դրա շուրջ զարգացումներին:
Հայտարարության մեջ , մասնավորապես, նշվում էր. «Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը