03 04 2019

Պատերազմ վաղ թե ուշ լինելու է․ Լևոն Մնացականյան



Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը, ասաց․ «Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն»։

«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- ասաց նա։

Նախկին ՊՆ-ն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել  ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը «Հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»։

Նրա կարծիքով՝ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- նշեց ՊԲ նախկին հրամանատարը։

Անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հայտարարությանն այն մասին, թե ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև Մնացականյանը տեղյակ են եղել ապրիլյան հարձակման հավանականության մասին և, ըստ էության, համարժեք քայլեր չեն ձեռնարկել՝ Լևոն Մնացականյանն ասաց, որ  իրենք իմացել ենք որ գործողություն լինելու է, բայց ոչ այդ ծավալի։

«Ինֆորմացիա եղել է, որ որոշ բան լինելու է, պարբերաբար միշտ էլ եղել է, բայց ենթադրել ենք, որ դիվերսիոն գործողություն կլինի, որովհետև այդ ժամանակ հիմնականում կային դիվերսիոն փորձեր համարյա բոլոր ուղղություններով: Նախքան ընդհանուր գործողություններ սկսելը բանակի լրացուցիչ ուժերն արդեն տեղում էին գտնվում, քայլեր էինք ձեռնարկել, բայց ոչ մի տեղից ինֆորմացիա չի եղել, որ հնարավոր են այդ ծավալի գործողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ԼՂՀ ՊԲ-ն նախօրոք էր որոշակի գործողություններ արել և եթե արած չլիներ, հետևանքներն այլ կլինեին:

«Ինչո՞ւ նա տվյալ հարցին անդրադառնում է երեք տարի հետ և այնպիսի կայքում, որ այդքան էլ ճանաչելի չէ, և ինչո՞ւ տվյալ բարձրագույն սպան պատասխանում է հետևյալ կերպ: Երբ համեմատում եմ նրա հարցազրույցը «Երկրամաս» հեռուստաընկերությանը ապրիլի 14-ին, 180 աստիճանում տարբերվում է: Մյուսում ասում է՝ հաղթանակի ոգին թևածում է Արցախում, հիմա էլ ասում է՝ տեղյակ ենք եղել, ամբողջական ցուցումներ չեն տրվել, ինչը անհասկանալի էր: Անհեթեթություն է, նման բան չի եղել, կցականայի ծավալվել, բայց գաղտնիությունը հրապարակել չի կարելի»,-անդրադառնալով Վարդան Ավետիսյանի հայտարարությանը՝ ասաց Մնացականյանը։

ՊԲ նախկին հրամանատարը նշեց՝ շարունակում է մնալ այն համոզմանը, որ 2016թ.-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և դա ասել են բազմակողմանի վերլուծության արդյունքում: «Իհարկե, այդ պատերազմից պետք է որոշակի դասեր քաղել ու փոփոխություններ մտցնել բոլոր ուղղություններով, առաջին հերթին նման միջոցների դեմ պայքարի հնարավորությունները մեծացնեն, ինչն էլ արվել է»,- ասաց նա՝ նկատելով, որ պաշտպանության վրա են շեշտը դրել, բարձրացրել են զինծառայողների անվտանգության աստիճանը և նման միջոցներից խոցման հնարավորությունները, նաև հաստիքային, կառուցվածքային փոփոխություններ են կատարել, տեխնիկապես են վերազինվել, ինչը շարունակական կլինի:

Նախկին ՊԲ նախարարը հերթական անգամ համոզվում է, որ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը հանդիսանում է հենց ՊԲ-ն, որը ապացուցեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, որը կատարվեց շնորհիվ հրամանատարների ու զինվորների, որ կողք կողքի մարտնչում էին և, ցավոք, նաև կորուստների գնով:

«Հենց նրանք են ձախողել հակառակորդի պլանները, որոնք նախատեսված էին Արցախի Հանրապետության հանդեպ»,-ընդգծեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ