Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Ի.Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ, հայտնում է «interfax.az»-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ի.Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր «այդ թվում`բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»:
«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը