ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով բացել է «Պանդորայի արկղը», ինչի արդյունքում ամեն անգամ ստիպված է հնչեցնել, որ մտադիր չէ քննարկել «տարածքների հանձնման» հարցը: Այս մասին ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ մեկնաբանելով մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը:
Ըստ ադրբեջանցի գործչի՝ Ադրբեջանը նույնպես պետք է հիմնավորի, թե ինչի համար են անհրաժեշտ բանակցությունները, եթե «տարածքների հանձնման» հարց չի քննարկվելու: Ահա թե ինչու են, ըստ Զուլֆուգարովի, դժվար կացության մեջ հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Զուլֆուգարովի խոսքով՝ Ադրբեջանում շատ լավ են հասկանում, որ բանակցություններն այն միջոցը չեն, որոնց արդյունքում հնարավոր կլինի տարածքներ ստանալ: Դրանից ելնելով՝ ադրբեջանական կողմը մի նպատակ է հետապնդում՝ «օգտագործել իրավիճակը, այդ թվում և կայանալիք հանդիպումը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»:
«Փաշինյանի հնչեցրած «տարածքներ՝ խաղաղության դիմաց արտահայտությունը չի քննարկվում» հայտարարությունից հետո պարզ է դարձել, որ բանակցությունների առարկա գործնականում չկա»,-ասել է ադրբեջանցի նախկին նախարարն՝ ընդգծելով, որ «այժմ համանախագահների ճնշման տակ նա ստիպված է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ի դեպ, որոշակի բանակցային օրակարգով, որը նախատեսում են համանախագահները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը