25 03 2019

Ո՞ր պաշտոնյան էր կիսել Փաշինյանի գնահատականը «նախկին ռեժիմի» ԶԼՄ-ների մասին

Ո՞ր պաշտոնյան էր կիսել Փաշինյանի գնահատականը «նախկին ռեժիմի» ԶԼՄ-ների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ՝ հղում տալով նախորդող օրերին տեղի ունեցած իր հանդիպումներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը գրություն էր ուղարկել վարչապետին՝ պարզելու համար, թե որ միջազգային կազմակերպությունից կամ պաշտոնյայից է նա ստացել նման գնահատական։ Ի պատասխան մեր գրության՝ մեզ տեղեկացրին, որ գնահատականը բանավոր է ներկայացվել աշխատանքային քննարկման ժամանակ եւ միաժամանակ նշվել է, որ միջազգային պաշտոնյայի անունը չի կարող հրապարակվել, քանի որ չկա վերջինիս համաձայնությունը։

Չքննարկելով այն հարցը, թե որքանով էր կոռեկտ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վկայակոչել փակ հանդիպման ժամանակ հնչեցված գնահատականները, հարց է առաջանում՝ թե ինչքանով է վարչապետը ապահովել իր զրուցակիցների off the record հնչեցրած կարծիքների ( եթե իհարկե հայտնել են) գաղտնիությունը։

Կառավարության թվիթերյան էջի (իմիջիայլոց պետք է ընդունել ի գիտություն, որ Կառավարությունը ոչ բոլոր լուրերն է տեղադրում պաշտոնական կայքում,այլ լուրերի մի ստվար զանգված նախընտրում է տեղադրել միայն թվիթերում) վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ օրերին վարչապետը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին (վերջինիս հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին ) եւ Կիպրոսի պաշտպանության նախարարին։ Ուստի պարզ է դառնում, որ նման գնահատականը հնչեցվել է կամ ԵՄ ներկայացուցչի կամ անձամբ պարոն Սվիտալսկիի կամ էլ Կիպրոսի պաշտպանության նախարարի կողմից։

Կոչ եմ անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցումներով դիմել Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Սվիտիալսկիին՝ որպես ԵՄ ներկայացուցիչի կամ Կիպրոսի պաշտպանության նախարարին, պարզելու համար, թե արդյոք նրանք իրենց (մամուլի) գործունեությանը տվել են նման գնահատական»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ