20 03 2019

Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան. Աննա Նաղդալյան



Հայաստանի դիվանագիտական ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է մեր օրակարգում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով երկու երկրների միջև փոխայցելությունների թեմային, թե արդյոք հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Իսրայել՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Մենք Իսրայելի հետ ունենք օրակարգ, որի բաղկացուցիչ մաս են կազմում փոխայցելությունները: Երբ հստակություն լինի այդ փոխայցելությունների շուրջ, մենք համաձայնեցված կերպով այդ մասին կհայտարարենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության թեմայի շահարկմանը՝ ԱԳՆ խոսնակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հարգելը նախևառաջ բարոյական հարց է: Նա նաև մատնանշեց, որ Հայաստանը իր մեծ ներդրումն ունի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում:

«Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նազարբաևի հրաժարականից հետո Հայաստան-Ղազախստան հարաբերություններին՝ Նաղդալյանը շեշտեց, որ Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին՝ նա նշեց, որ լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։

Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում և Ադրբեջանի կողմից ականանետի կիրառմանը։

«Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։

Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, բայց Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան հակամարտության կարգավորման հարցում։

«Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ և քննարկում բոլոր հարցերը»,- ընդգծեց նա:

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս հստակ բան ասել չի կարող, բայց արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մշտապես կապի մեջ է, շփումներն այս ուղղությամբ շարունակվում են:

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի սկզբին կայցելի Եթովպիա եւ Ռուանդա։

Ռուանդայում ապրիլի 7-ին նախարարը կմասնակցի Ռուանդայում ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ