«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանությունների հետ կապի մասին։ Պարտավոր ենք հիշեցնել, որ նման բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, եւ եթե «մտահոգ» իշխանականները այստեղ խնդիրներ են տեսնում, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին։
Ավելին, իշխանավորները, իշխանությունների ազգականները եւ նրանց կից կառույցները իրենց պարտականությունն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրություն սովորեցնել, այլեւ դասդասում են լրատվամիջոցները «ճիշտ» եւ «սխալ» մեդիայի՝ այն լրատվամիջոցների, որոնք պետք է կարդալ «ճշմարիտ» լրատվություն ստանալու համար, եւ որոնք չպետք է կարդալ։ Սրանով «պարտիզանները» ոչ միայն վարկաբեկում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցներին, այլեւ վնաս են հասցնում նրանց գործարար համբավին, ինչն ուղղակի խոչընդոտ է մամուլի գործունեության համար։
Պարտավոր ենք նկատել եւ հիշեցնել, որ լրատվամիջոցները միշտ էլ կատարել եւ կատարում են իրենց ֆունկցիան՝ թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխության ժամանակ, եւ թե հեղափոխությունից հետո։ Այլ հարց է, որ օրվա իշխանություններին թվում է, թե այժմ մամուլն իրենց պետք չէ, եւ նրանք վարկաբեկում են լրատվամիջոցներին եւ փորձում են թուլացնել նրանց դերը՝ ճանապարհ հարթելով հաղորդակցության ավելի պարզունակ, բայց անպատասխանատու միջոցների՝ սոցցանցերում լայվերի ու ստատուսների համար։
Ցավոք, տեսնելով օրվա իշխանությունների գործելակերպը, լուրջ կասկածներ են առաջանում, որ նման հարցերի շահարկումը բխում է ոչ թե խոսքի ազատության մասին մտահոգությունից, այլ փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել հեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրենքը եւ իրավական մեխանիզմները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը