13 03 2019

Ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից․ Արցախի ԱԳՆ

Ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախաահների վերջին հայտարարությանը՝ նշելով, որ նրանում կրկնել են այն սկզբունքներն ու տարրերը, որոնց մասին շատ տարիներ է խոսվել։

«Ուղղակի տարվա ընթացքում դրանց մասին չէին հիշեցրել և մի քիչ մոռացել էին։ Նրանք արտահայտել են իրենց կարծիքը, ասել են, որ առաջարկությունը դեռեւս բանակցային սեղանին է։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, եւ պետք են նոր իրատեսական առաջարկություններ։ Ինչ վերաբերում է ձեւաչափի վերականգնմանը, մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների եւ բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,- ասել է Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ «հին սկզբունքներ» ասելով՝ նկատի ունի այն, որ «սկզբունքները ու վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են եւ պետք է վերանայվեն»։

Անդրադառնալով Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Փաշինյանի ելույթին՝ Մայիլյանն ասել է, որ վարչապետն իր ելույթում նշել է դրանց հստակեցման անհրաժեշտության մասին։ «Մենք դրա հետ համաձայն ենք։ Սակայն մենք նաև խոսում ենք վերանայման անհրաժեշտության մասին»։ Ի՞նչն է անհրաժեշտ վերանայել․ «Դա դիսերտացիայի թեմա է»,- կատակով նշել է նա։

Արցախի ԱԳՆ-ն համաձայն չէ այն մտքին, թե ձեւաչափի փոփոխությունը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն հանդիպումներին, քանի որ առանց Արցախի բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Հայաստանն Արցախի մասնակցությունը որպես պայման չի դնում, այլ ասում է, որ կխոսի իր անունից։ Կարծում եմ՝ դա ճիշտ կառուցողական մոտեցում է։ Իսկ հիշատակված մտավախությունները ավելի շուտ ներքին շահարկումների շարքից են»,- նշել է Մասիս Մայիլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ