13 03 2019

Աջ ղեկով մեքենաները կարող են ներմուծվել մինչև մայիսի 31-ը

Աջ ղեկով մեքենաները կարող են ներմուծվել մինչև մայիսի 31-ը

ԱԺ արտահերթ նիստում մարտի 13-ին քննարկվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:

Նախարարի խոսքով խոսքը մինչև 1000 մեքենայի մասին է: Նա ասաց, որ ի սկզբանե որևէ չափելի թիվ չեն ունեցել, և օրենքը չէին ընդունում ռիսկերից խուսափելու համար, բայց նախաձեռնության անդամները բերել են մեքենաների ցուցակը՝ իրենց պին կոդերով, և կառավարությունը հաշվարկել է չափելի ռիսկայնությունը և ապահովում է թողունակությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով խորհրդարանը հերթական անգամ ընդառաջ է գնում քաղաքացիներին: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ խորհրդարանն ու կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անեն, որ պատշաճ իրազեկում իրականացվի, բայց լավ կլինի, որ մեր համաքաղաքացիներն էլ ցանկացած գործունեություն իրականացնելուց առաջ մի փոքր հետաքրքրվեն, թե այդ դաշտում ինչ իրավակարգավորումներ են գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ