27 02 2019

Կոռուպցիա չկա․ ասել է մեկը, որի թիմակիցները բռնվում են կոռուպցիայի համար



«Ես ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա»․ այս հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց 2018թ․ օգոստոսի 17-ի հանրահավաքում։

Պաշտոնավարումից ի վեր Նիկոլ Փաշինյանը 10 անգամից ավելի հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, անգամ հայտարարեց, թե արմատախիլ է արված։ Իսկ այն դեպքերում, երբ հայտնաբերվել են կոռուպցիոն դեպքեր, դրանք համարվել են նախորդից մնացած դրսևորում։ Եվ ահա կոռուպցիան բազմիցս արմատախիլ արած վարչապետը կառավարության՝ փետրվարի 21-ի նիստում բոլորովին այլ բան է հայտարարում․ «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն ա»։

Փաստորեն՝ կա։ Բայց հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարը մշտապես հանդես գալ իրար հակասող հայտարարությամբ։ Կամ նա լուրջ չի ընդունում ինքն իրեն կամ ժողովրդին կամ իր ինստիտուտը։ Կամ ուղղակի ստում է։

Փետրվարի 26-ին ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ։ Պաշտոնապես հաստատեցին, սակայն ավել ինֆորմացիա չեն հայտնում՝ ասելով, թե անմեղության կանխավարկած կա։ Դե վարչապետի թիմակիցներն են, անմեղության կանխավարկածը կպահեն․․․Տարբեր լուրերի համաձայն, ձերբակալությունները կապված են սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում գնումների գործընթացում չարաշահումների հետ։ Զարմանալին այն է, որ կոռուպցիայի մեջ մեղադրվում են հենց դրանք վերահսկող մարմնի ներկայացուցիչները, որոնք լիովին փոխվել են նոր իշխանության օրոք։

Դրանից առաջ, փետրվարի 22-ին, ԱԱԾ-ն հայտնեց միանգամից երկու կոռուպցիոն դեպքի մասին։ Մեկով ՀՀ պաշտպանության նախարարության  պաշտոնատար անձն էր կաշառք ստացել այսպես ասած՝ «նիգոդնի բիլետ» տալու համար, մեկ այլ դեպքում՝ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետը՝ ստուգում չիրականացնելու կամ արգելանքի որոշումներ չկայացնելու համար։

Ընդ որում՝ դա արել էր 2018թ․ հուլիսից 2019թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում՝ ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, Ազգային ժողովում, քարոզարշավի ժամանակ, ռուսական RT ու գերմանական հանրային հեռարձակող «Դոյչե Վելե»-ի էկրաններից հպարտորեն ստում էր, թե երկրում կոռուպցիան արմատախիլ է արվել։

Այս դեպքում մենք ինչպե՞ս հավատանք Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե պաշտոնյաները կաշառք չեն վերցնելու կամ ցանկացած այլ հայտարարություն-խոստման։

Արդեն չի ստացվում հավատալ, պարոն վարչապետ, ուրիշ բան մտածեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ