«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մայր Աթոռը Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը Կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ Պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախորդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է:
Շատ հետաքրքիր «համընկնումներով» «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք ու կարծում եմ շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է.
«Երկար մտածեցի՝ գրեմ, թե ոչ… Այնուամենայնիվ, որոշեցի գրել…Ֆեյսբուքում վխտացող շառլատաններին… Փորձես մի փոքր քննադատություն հնչեցնել Կառավարության հասցեին, հրապարակումիցդ ընդամենը 5 րոպե անց գործի են անցնում ՖԲ կեղծ էջերի հետևում թաքնված առնետները։ Որևէ հիմնավորված հակափաստարկ չկա. մի բառակույտ են անգիր արել «ԽԻ ՍԵՐԺԻ ՎԱԽՏ ՉԷԻՔ ԽՈՍՈՒՄ»… Ի՞նչ ասեմ էդ հիշողության վաղաժամ կորստով տառապող մանրուքներին… Ա՛յ տարաբախտ երկոտանի, եթե նախորդների օրոք ամեն ինչ լավ լիներ, էլ ինչո՞ւ էր իշխանափոխություն արվում… Իսկ ինչո՞ւ պետք է ներկաներին նույնացնենք նախորդների հետ։ Բա ասում եք՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ… Համենայնդեպս, «հին Հայաստանում» խոսքի իրավունքի նկատմամբ հակակրանքն այսքան մեծ չէր, և կեղծ էջերից մարդկանց կարծիքի նկատմամբ այսպիսի կազմակերպված գրոհ չկար… Կեցցե՛ բարոյական արժեքների հեղափոխությունը… Խնդրեմ, հերթական անգրագետի արձագանքը՝ ստորև…»:
Blognews-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է․
«Դուչեն երեկ գժուկներին զարմացրեց՝ Քենեդու մտքի այլասերված տարբերակը հրամցնելով հանրությանը։ Նախ՝ եկեք ֆիքսենք, որ Քենեդու և Դուչեի ասածների միջև կա շատ սկզբունքային տարբերություն։ Քենեդին ասում է․ «Մի հարցրու, թե ինչ է արել պետությունը քեզ համար, այլ ասա, թե ինչ ես դու արել պետության համար», իսկ Դուչեն ասում է․ «Մի հարցրու, թե ինչ է արել կառավարությունը քեզ համար, այլ հարցրու, թե ինչ ես ինքդ արել քեզ համար»։
Ինչպես տեսնում եք, երկու մտքերի միայն վերբալ կառուցվածքն է նման, իսկ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Քենեդին խոսում է պետականամետ լինելու մասին, այն կոնցեպտի մասին, որ եթե դու պետությունից ավելին ես ակնկալում, ապա դու պետք է ավելին տաս պետությանը։ Դուչեն խոսում է ուտիլիտար-քցողական պրիզմայից, ու նրա միտքը Լևոն Տեր-Պետրոսյանի չարաբաստիկ «Ըմբռնումով մոտեցեք․ հարևաններից պարտք արեք» մտքի արդիականացված տարբերակն է կամ ավելի ժողովրդական՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» միտքը։
Էս համեմատականի մասով ամփոփենք, որ Քենեդու մոդելով առաջնորդվելու դեպքում մեզ սպասվում է ավելի լավ ապագա, իսկ Դուչեի մոդելով առաջնորդվելու դեպքում մեզ սպասվում է նոր 1993 թվական, որովհետև դրանում բացարձակ չկա պետականամետության նշույլ անգամ։ Ինչևէ, անցնենք առաջ։
Եկեք այդ նույն ֆորմուլան պրոյեկտենք Դուչեի վրա ու նրա փոխարեն պատասխանենք, թե ինչ է նա արել իր համար՝ չհարցնելով, թե ինչ է անելու կառավարությունը/պետությունը հանուն իր թանկ անձի։
Դեռ տարին չբոլորած՝ արդեն կարելի է կիպլիկ հատորյակ կազմել այն ամենի մասին, որ Նիկոլ Ճաճանչափայլն արել է իր համար, ընդ որում՝ կետերի մի մասը քրեորեն պատժելի է։ Սկսած նրանից, որ իր ազգուտակին պաշտոններ ու մանդատներ է ցփնել (արա՛, անգամ անձնական վարսավիրին նագլիով պաշտոն տվեց ու տենց էլ չհանեց), վերջացրած նրանով, որ կինը, որը գնալով ավելի է նմանվում Նիկոլի ալտերէգոյին, Սաշիկի դափնիները խլելու լուրջ մարտահրավեր է նետել։ Ասածիս առհավատչյան էլ Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատվությունների ցանկն է, որը հրապարակվելուց հետո դարձավ Ֆեյսբուքի քննարկման թոփ թեմաներից մեկը։
Այո՛, գժուկներ, ես հասկանում եմ ձեր կոգնիտիվ դիսոնանսը, երբ մի կողմից չեք ուզում հավատալ, որ ձեր այդքան սիրելի մեսսիան ու մեսսիուհին ձեզ խաբեցին, և ուզում եք պաշտպանել, իսկ մյուս կողմից՝ չունեք այն հարցի պատասխանը, թե ինչու են Աննային մուծվում առաքելական եկեղեցուց մինչև Պուշկինի դպրոց և Ալեքսանյան Սամվելից մինչև Թումանյանի թանգարան, բայց հավատացե՛ք, որ ամեն ինչ առավել քան արդար է։
Այնպես որ, երբ որոշեք հետևել Նիկոլ Ճաճանչափայլի խորհրդին ու հարց ուղղեք ինքներդ ձեզ, թե դուք ինչ եք արել ձեզ համար, չմոռանաք համեմատել արդյունքները Դուչեի արդյունքների հետ։ Տարբերությունն էլ կլինի այն գինը, որը բոլորս, դուք էլ՝ հետը, ստիպված ենք վճարել նրա համար, որ դուք ապրիլին որոշեցիք, որ ավելի վատ լինել չի կարող, ու նոր Աստված է իջել Արարատյան դաշտ։
Դըմփ-դըմփ-հու՛»։
Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։
Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։
1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։
2. կարևորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։
3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տևում են ամիսներ։
4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, և նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։
5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։
6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։
7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր Y-ին հրաժարական տալ։
8. Ռեկտոր Y-ը հանրայնացնում է հորդորը և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչև 0.05մլն$ է:
10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր Y-ին պաշտոնանկ անելու օրակարգով։
Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։
Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, և պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։
Կարևոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը և Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության։ Կարևորագույն ազգային-կրթական հաստատության։
ՀԳ. Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը