22 02 2019

Պետք է պատրաստ լինել, որ գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան

Պետք է պատրաստ լինել, որ գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կամ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել ևս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային զլմների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ