Փետրվարի 21-ին է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հայտնել է՝ Հավաքական անվտանգության շրջանակներում ռուսական ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում զսպող գործոն է, որ խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը եւ նպաստում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը։
Նրա խոսքերով, ռուսական 102-րդ ռազմական բազայի անձնակազմը, որ տեղակայված է Հայաստանում, բազմիցս հաստատել է բարեխիղճ վերաբերմունքը իր առջեւ դրված խնդիրների կատարման հանդեպ եւ մարտական բարձր պատրաստականությունը։ Նախարարը նաեւ նշել է ուժի մեջ մտնող Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու եւ Հայաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միասնական խմբավորում ստեղծելու երկկողմ միջպետական համաձայնագրերի կարեւորությունը։ «Դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Դրանց շնորհիվ հայ-ռուսական պոտենցիալը տարածաշրջանում էականորեն աճել է»,- ընդգծել է Տոնոյանը։
Նա նաեւ հայտնել է, որ փետրվարի 7-9-ը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում ստորագրվել են նշված համաձայնագրերի դրույթների իրականացմանն ուղղված եւս մի քանի փաստաթղթեր։ «Մենք բարձր ենք գնահատում ռուս-հայկական հարաբերությունների որակապես նոր մակարդակը, ինչը լրացուցիչ խթան է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետագա ռազմավարական, դաշնակցային հարաբերուիթյունների համար՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների»,- ասել է Տոնոյանը։ Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր կետ է, նրա կարծիքով, նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությունը։
«Հայ մասնագետները մեկնել են Հալեպ՝ մասնակցելու հումանիտար առաքելություններին։ Սրա հետ կապված՝ ուզում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ հայ մասնագետների մեկնումի եւ նրանց տեղակայման վայր հասցնելու հարցերի համակողմանի ապահովման օպերատիվ լուծման համար»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։ Նա նաեւ նշել է ռուսաստանցի սահմանապահների ամենօրյա շնորհակալ գործունեությունը՝ նշելով, մասնավորապես, որ սահմանին ծառայությունը մշտապես եղել է ամենադժվարներից մեկը՝ ինչպես պարտականությունների բնույթի, այնպես էլ այն պայմանների առումով, որոնց մեջ պետք է դրանք կատարվեն։
«Եւ այսօր ինձ համար հաճելի է նշել, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմը, շարունակելով իրենց նախորդների պանծալի ավանդույթները, Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ, արժանապատվորեն լուծում է իր առջեւ դրված խնդիրները։ Այն հուսալիորեն պաշտպանում է հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը»,- ասել է նախարարը։ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամական երկրների միջեւ սերտ համագործակցությունը այսուհետ եւս կլինի ամուր եւ արգասաբեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը