Փետրվարի 1-ից մինչ փետրվարի 24-ը ներառյալ, ժամը 11:00-ից 23:00-ն Ազատության հրապարակը «բրոնյա» է արված հանրահավաքների համար:
ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանը իրազեկում է ներկայացրել 24 օր անընդմեջ հանրահավաքներ անցկացնելու համար: «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.01.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 1-ից մինչև ս.թ. փետրվարի 24-ը ներառյալ ժամը 11:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Factor.am-ը մանրամասներ է փորձել ստանալ Ռոբերտ Սիմոնյանից: Նա ներկայացրել է, թե որն է հանրահավաքներ սկսելու նպատակը․ «Նպատակն ազգային ազատագրական պայքարն է»:
Դիտարկմանը, թե փետրվարի 1-ից հանրահավաքներ տեղի չեն ունենում, արդյոք պատճառն ա՞յն է, որ մարդիկ չեն գալիս, Ռոբերտ Սիմոնյանն ասել է․ «Ով է ասում, որ հանրահավաքներ չենք անում: Պարզապես ոստիկանության համակարգն այնքան վերահսկողություն է իրականացնում, որ խոչընդոտում է նրանց»: Factor.am-ը Ռոբերտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից տեղեկացել է, որ Սիմոնյանը իրեն համարում է ՀՀ նախագահի պաշտոնակատար։
Հարցին՝ ինչո՞ւ է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար համարում, երբ ունենք ԱԺ-ի կողմից ընտրված նախագահ, Սիմոնյանը պարզաբանել է, որ նրանք մեղավոր են սահմանադրական կարգը խախտելու համար:
Ռոբերտ Սիմոնյանը 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրված է եղել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սակայն ընտրագրավը չմուծելու արդյունքում չի գրանցվել ԿԸՀ կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը