ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին կառավարության և վարչապետի գործունեության որշ դրվագների: Նա մասնավորապես ասել է.
«Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի կառավարությունում հայտնվել ա ասող: Եվ էդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե քաղաքացին է, ոչ թե նույնիսկ հրապարակում հավաքված բազմությունն է, այլ էսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն է` վարչապետ Փաշինյանը: Էլի իրողություն փոխվեց: Ինքն էր, չէ՞, որ ասում էր. «Ամեն մեկդ վարչապետ եք, դուք եք ասողը, ոնց ասեք` այդպես կլինի»: Հիմա գնում ենք դեպի ասիչների կառավարություն: Բա որ ասում էի` գնում ենք դեպի դիկտատուրա՞, չէիք հավատում:
Երկրորդ, պարզվում է, որ մեր կառավարության ղեկավարը տեղյակ չի, որ մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկումներով (մեղմ ասած, մտահոգիչ դիտարկումներով): Լրագրողները հարց են տալիս, ասում է` տեղյակ չեմ. բա կներեք, ինչի՞ց եք տեղյակ: Բոլթոն-Ալիեւ զրույցից տեղյակ չի մեր վարչապետը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` մարտի 1-ի վերաբերյալ, տեղյակ չի: Ստեղ երկու տարբերակ կա. կամ իր օգնականներն ու խորհրդականներն ու կառավարությունը աննպատակ աշխատավարձ են ստանում ու պրեմիաներ, կամ, ինչը իրեն ձեռ չի տալիս, իրան դնում է ոչ տեղյակ մարդու տեղ: Բայց ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետը պետք է լինի ամենատեղյակ մարդը երկրում: Բա որ ասում էի՝ ինքը չի կարող լինի վարչապե՞տ, շատերը քննադատում էին:
Երրորդ. գանք Արցախի հարցին: Մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ Արցախյան կարգավորման գործընթացում մտահոգիչ զարգացումներ են հնարավոր: Ավելին, երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսում նշել եմ, որ շատ հնարավոր է գործի դրվի «տարածքներ` խաղաղության դիմաց» կոնցեպտը: Եվ նշել եմ, որ «տարածքներ` խաղաղության դիմաց» կոնցեպտը ոչ այլ ինչ է, քան` դավաճանություն: Երեկ Փաշինյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում քննարկել տարածքներ խաղաղության դիմց հայեցակարգը: Կներեք, բայց ես չեմ հավատում: Կասեք` ինչո՞ւ: Կասեմ:
Նույն Փաշինյանը խոստանում էր, որ բյուջեն երեսուն տոկոսով կավելանա, նույն Փաշինյանը խոստանում էր, որ կարմիր գծերը կվերանան, նույն Փաշինյանը խոստանում էր, որ գազի գինը կիջնի, նույն Փաշինյանը խոստանում էր, որ տեսասխցիկները կվերանան, նույն Փաշինյանը խոստանում էր, որ ներդրումները կավելանան ու տենց շարունակ: Բայց եղավ ճիշտ հակառակը:
Եվ վերջապես, նույն Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ առանց Արցախի ամբողջական մասնակցության եւ վերադարձի բանակցային գործըթացին, անհնար է խնդրի կարգավորում: Հիմա երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինը Երեւանում հայտարարեց, որ նախապատրաստվում է Ալիեւ-Փաշինյան հանդիպում: Հիմա հարց և ուղերձ էսօրվա ասողներին կամ ասողին. եթե առաջիկա հանդիպմանը` Ալիեւ-Փաշինյան, Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն կա'մ վարչապետ Փաշինյանը ձախողվել է ու ֆիասկո է գրանցել, կա'մ սուտ է խոսել: Հիմա թող ինքը ընտրի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը