News.am-ը գրել է. «Ապրիլյան պատերազմում զոհված և մարզերում հուղարկավորված զինծառայողների ծնողները վիրավորված են պետության անտարբերությունից։ Հունվարի 28–ին, զոհված զինծառայողների ծնողներն այցելել էին «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց զավակների մարտական ընկերների հիշատակին։
Ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, դժգոհել է, որ բանակի օրվա կապակցությամբ իշխանության ներկայացուցիչներից որևէ շնորհավորանք չի ստացել, մարզային իշխանություններից որևէ մեկը չի այցելել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հուղարկավորված որդու շիրիմին։
«Ապրիլյան պատերազմում զոհված տղաների մեծ մասը մարզերից են եղել, և մարզերի զոհերի ընտանիքների նկատմամբ անտարբերությունը գնալով ավելի է մեծանում։ Ապրիլին 100–ից ավելի զոհ ենք ունեցել, և այնպես չէ, որ Քառօրյա պատերազմը սահմանափակվում է մեր նահատակված, քաջ հերոս տղաներով, ովքեր հուղարկավորված են «Եռաբլուրում», ախր էլի ունենք էրեխեք, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն կյանքի։ Մենք այցելել ենք այս տղաներին, ովքեր մեր զավակների հետ կողք կողքի են զոհվել, բայց դրա հետ զուգահեռ ուզում ենք՝ պետական մարմինների կողմից ուշադրություն և հարգանքի տուրք մատուցվի մարզերում զոհված տղաների հիշատակին»,-ասել է հերոսի մայրը՝ նկատելով, որ կառավարության անտարբերությունը կոտրում է ծնողներին։
«Չգիտեմ, թե ինչ սկզբունքներով են միշտ նույն տղաներին ընտրում, նույն հերոսներին պահում ուշադրության կենտրում, չէ՞ որ բոլորը նույն գաղափարի համար են զոհվել»,-ասել է նա։
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը՝ Նունե Թադևոսյանն էլ նկատել է, որ իրենց ընտանիքի հանդեպ հասարակության ուշադրությունն ավելի մեծ է, քան կառավարությանը։
«Շիրակի մարզն էլ անտեսված ոնց որ լինի. այս օրերին եղել է, որ մենք ժամը 12–ից գնանք պանթեոն՝ մտածելով, որ որևիցե մեկը կհարգի մեր տղաներին, և գոնե մի մեխակ կբերի։ Դպրոցների երեխաները, քաղաքացիները գալիս են, ծաղկեպսակ դնում, խնկարկում, մի փոքր մոմով գալիս են պանթեոն, 7 զոհերի հիշատակը հարգում, դա մեզ համար հսկայական հարգանքի նշան է, իսկ պետության ուշադրությունը տարեցտարի նվազում է»,- ասել է տիկին Նունեն։
Ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Նարինե Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության կողմից շնորհավորական բացիկ են ստացել։
Հերոսի մայրն առաջարկում է մարզերում զոհված զինծառայողների նկարներով պաստառ տեղադրել «Եռաբլուրում», որպեսզի գոնե այստեղ պետության ներկայացուցիչները գան և հարգանքի տուրք մատուցեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը