22 01 2019

Ավտորիտար երկրներում փաշինյանները վարչապետ չեն դառնում. Շարմազանով

Ավտորիտար երկրներում փաշինյանները վարչապետ չեն դառնում. Շարմազանով

Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ադրբեջանական պատվիրակները քննադատել են ԵԽԽՎ-ին ՀՀ նախկին իշխանություններին ժամանակին դրական գնահատականի արժանացնելու համար: Բաքվի պատվիրակները Հայաստանի նախկին իշխանությանը որակել են «քրեական և հակաժողովրդավարական»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ՝ ասեմ, որ մեր և ադրբեջանցիների միջև երբևիցե փոխադարձ «կոմպլիմենտներ» չեն հղվել:

Նորմալ մտածողություն և վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ կարող է նշանակել, երբ Երևանը Ադրբեջանի «պատմական տարածք» հայտարարող Ալիևը, որ ընդամենը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, հանկարծ, մի քանի ժամում ՀՀ վարչապետի համար դարձավ «կիրթ»: Բայց սա ուրիշ թեմա է: Այժմ ըստ էության:

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարարություններին անդրադարձել են մեր պատվիրակները: Արձագանքելը, իհարկե, տեղին է և բնականաբար ողջունելի:

Միայն թե, երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հպարտ կեցվածքով ու խրոխտ Հայաստանի նախկին իշխանությանը անվանում էր «ավտորիտար ռեժիմ», ինչո՞ւ էիք լռում:

Ինչո՞ւ չէիք Փաշինյանին գլխի գցում, որ հպարտությունը՝ հպարտություն, անփորձությունն էլ՝ անփորձություն, բայց միջազգային բարձր ամբիոններից ելույթ ունենալուց ամեն բառ և ստորակետ կարևոր է, որ այդ ամբիոնները Հանրապետության հրապարակը չի, դիմացն էլ՝ միամիտ և անկեղծ, դյուրահավատ ժողովուրդը :

Թե՞ դուք էլ էիք կարծում, որ հեղափոխության գործը ամեն գնով առաջ տանել է պետք, անգամ պետությանը հարվածելով:

Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում:

Այն ժամանակ, երբ ասում էինք՝ տղերք, մի արեք էդպես, երկիրն եք վարկաբեկում, ասում էին՝ «բոբո» ՀՀԿ-ականները, «չուզող» Ազգային ժողովը խանգարում է մեր թռիչքին»,- գրառման մեջ հայտնում է Էդուարդ Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ