Պարոն Մնացականյանի պաշտոնակությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած փոփոխություններին:
Հարցին, Լևոն Մնացականյանի նրա փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, նա ասաց. «Դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև նոր երկու նշանակումները ՊԲ «հնաբնակներ» են, որոնք ամբողջ կյանքում ծառայել են բանակում և Արցախյան ազատամարտի ակունքներում են»:
Անդրադառնալով իր խորհրդականի պաշտոնում ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին նշանակվելուն վարչապետն ասաց, որ համոզված է, որ նա իր պարտականությունները կկատարի. «Նրանք ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին», - հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։
Լրագրողները նկատեցին, որ Արշակ Կարապետյանը նաև 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ դա ոչինչ չի նշանակում և հավելեց, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգարվված է եղել այդ պրոցեսների մեջ։
«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի Զինված ուժերի այդ մի հատվածը կտրե՞նք, անջատե՞նք Զինված ուժերից։ Այդպիսի բան լինել չի կարող», - հավելեց վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալով Գյումրիից մեկնարկած քայլարշավի ընթացքում Արշակ Կարապետյանի մասին խարույկի շուրջ իր և իր թիմակիցների հայտարարություններին, Փաշինյանն ասաց. «Եթե որևէ մեկի հասցեին հնչում է հայտարարություն, չի նշանակում, որ այդ մարդու վերաբերյալ կայացվել է դատավճիռ»։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությաունը, ըստ որի Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել Փաշինյանը նշեց, որ Նախիջևանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին:
«Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ամիսներին, իմ վարչապետ դառնալուց առաջ: Իսկ իրականում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո, բոլորը շարունակում են մնալ մեր վերահսկողության ներքո: Ես նույնիսկ ասել եմ, որ այդ պրոցեսների արդյունքում մեր ԶՈՒ դիրքերը բարելավվել են նաև և ռազմավարական նախաձեռնությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր ԶՈՒ ձեռքում: Որևէ տարածքային զիջում իմ վարչապետության ժամանակ չի եղել»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ինչ-որ հայտարարություն են համաձայնեցրել և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել. «Այդպիսի հայտարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ են եղել: Արդյոք նոր բան կա՞ Ղարաբաղի հարցում. ոչ նոր բան չկա: Ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում եք: 25 տարվա ընթացքում այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ ցածրից մի փոքր բարձր: Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ես ասեմ՝ ընդունված է եղել, որ պարոն Կասպրշիկի այցերը քանի որ շատ աշխատանքային բնույթ են կրում, եղել են դեպքեր, որ նույնիսկ չի լուսաբանվել: Ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն իր մեջ լավատեսության էլեմենտ է պարունակում, ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք գործիչների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա: Դա այն դեպքում, երբ նրանք ասում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Իսկ ինչու չկա այնպիսի կանխավարկած առնվազն ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:
Դիտարկմաը, որ կասկածի տեղիք է տալիս, որ այդ մասին առաջինը խոսել է Ադրբեջանը, Փաշինյանն ասաց. «Երբ ես Սանկտ Պետերբուգից գիշերը եկա և այն փաստը, որ առաջինը Ադրբեջանն է հաղորդագրություն տվել, դրանից մեծ եզրակացություններ են արվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, և պնդում եմ, որ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը