Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների նոր մանրամասներ են հայտնվել՝ Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Բելառուսի նախագահը պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված՝ Մինսկին ուղղված Երևանի քննադատությանը:
«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիև)... Ես նրան ասացի, Նիկոլ, արի բոլոր վերջակետերը դնենք՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, և միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն:
Տեսանյութը կարելի է դիտել Բելառուսի նախագահի կայքում (դիտել 20:30 րոպեից):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը