11 12 2018

Գերքաղաքականացված հասարակությունն ու ընտրություններին ցածր մասնակցությունը. 168.am

Գերքաղաքականացված հասարակությունն ու ընտրություններին ցածր մասնակցությունը. 168.am

Այն, որ հասարակությունը գերքաղաքականացված էր և հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր էր, թերևս, կասկած չէր հարուցում: Այն հիմք էր տվել քաղաքական բազմաթիվ գործիչների կանխատեսելու, որ այս տարի կունենանք աննախադեպ բարձր մասնակցություն: Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները դատապարտված էին դառնալու ամենացածր մասնակցություն ունեցողն անկախությունից հետո: Այս մասին գրում է 168․am-ը։

Դեկտեմբերի 9-ին կայացած 7-րդ գումարման ազգային ժողովի ընտրություններին մասնակցության իրավունք ուներ 2 մլն 592 հազար 479 անձ: Քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 261 հազար 660 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թվի 48.6 տոկոսը, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից 12.3 տոկոսով:

Արդյունքում՝ ունենք ընտրություններ, որի մասնակցության ցուցանիշն ամենացածրն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որը, ըստ էության, պարադոքսալ երևույթ է, քանի որ մի կողմից՝ ունենք հասարակության կողմից քաղաքականության նկատմամբ հետաքրքրության և ներգրավվածության անախադեպ բարձր մակարդակ, մյուս կողմից՝ նման ցածր մասնակցություն:

Մի կողմ թողնելով երևույթի նկատմամբ առկա քաղաքական մեկնաբանությունները, պետք է նշենք, որ մասնակցության նման ցածր տոկոսն իր մեջ ունի նաև մի շարք ոչ քաղաքական պատճառներ:

Դրանցից առաջինն ընտրողների այն գիտակցումն է, որ իրենց ձայնը վճռորոշ չէ: Ընտրություններից առաջ ձևավորած այն սպասումը, որ գործող իշխանությունը հաղթելու է՝ արձանագրելով աննախադեպ բարձր արդյունքներ, ընտրողների մոտ նվազեցրել էր սեփական քվեի կարևորությունը: Ա

Հաջորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ռեյտինգային ընտրակարգով: Մասնավորապես, ընտրական ցուցակներում բացակայում էին էտալոնային թեկնածուները, հանուն որոնց՝ արժեր հասնել ընտրատարածք: Դա սովորաբար լինում է առանձնակի սեր ու հարգանք վայելող թեկնածուների դեպքում, երբ ընտրողը գնում է ընտրության ոչ թե՝ զուտ քաղաքացիական պարտքի դրդումով, այլև իր շնորհակալական խոսքը քվեաթերթիկի միջոցով հայտնելու համար:

Ընտրությունների մասնակցության վրա բավականին մեծ ազդեցություն է ունեցել նաև այլընտրանքի շարունակական սևացման հանգամանքը: Ողջ քարոզարշավի ընթացքում մեծամասնության հավակնող ուժի կողմից վարվել է «ոչ ոք, մեզնից բացի» քաղաքականություն՝ զուգորդված համապատասխան հռետորաբանությամբ, որտեղ առանցքային է եղել՝ ով չի ընտրում հեղափոխական իշխանությանը՝ սխալ է կամ ավելի վատը: Սրա արդյունքում՝ այլ քաղաքական ուժերի սատարող քաղաքացիների մոտ առաջացել է ճնշվածության զգացում, որը հանգեցրել է այն որոշման, որ ավելի լավ է՝ չմասնակցել ընտրությանը, քան քվեարկելով այլ ուժի օգտին՝ հայտնվել քննադատությունների կենտրոնում:

Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք, ունենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենացածր մասնակցությունը, որի արդյունքում, սակայն, կունենանք աննախադեպ շատ՝ 132 պատգամավորներից բաղկացած խորհրդարան, վերջինս էլ բաղկացած կլինի ընդամենը 3 խմբակցություններից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ