«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու են նոր սահմանադրության ընդունման գործընթաց։
««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Կուսակցության կոչին արձագանքել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեկտեմբերի 2-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը