Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տոնոյանը հայտնել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ավարտում են Երևանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքման նախապատրաստությունը:
«Մենք աշխատում ենք, որպեսզի դա շատ արագ լինի: Մոտենում ենք պայմանագրի կնքման ավարտական փուլին»,- ասել է նա:
Տոնոյանի խոսքով` երկու երկրները ներպետական մակարդակով ավարտում են ՀՀ-ին 100 մլն դոլարի ռուսական ռազմական վարկի տրամադրման մասին համաձայնագրի իրականացման գործընթացը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։
Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապին, նշելով, որ մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներում, և որ նոր հաստատված կապը կարող է նպաստել սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։
Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը