23 11 2018

Իշխանություններն ուզում են վաղը ուժի ցուցադրություն անել. Աշոտյանն ահազանգում է

Իշխանություններն ուզում են վաղը ուժի ցուցադրություն անել. Աշոտյանն ահազանգում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ին առավոտից ահազանգեր է ստանում Երևանի դպրոցներից, որոնց աշխատակիցներն ահազանգում են, թե իրենց հորդորել են վաղը մասնակցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվելիք երթին:

«Ասում են՝ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, լավ կլիներ, որ գայիք, ձեզ համար լավ կլինի, վաղը կոլեկտիվներով հավաքվեք, եկեք: Այդ ահազանգերը ճշտվել են, և այդ մարդիկ վերահաստատել են իրենց ինֆորմացիան, որ իշխանությունները վաղվա երթի համար մաքսիմալ քանակով մարդ են ուզում հավաքել»,- ասաց Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին: «Վարչական լծակների կիրառումից չեն խորշում, ընտրարշավը դեռևս չմեկնարկած սա արդեն որերորդ դեպքն է: Հատկապես մտահոգիչ է ինձ համար, որ այս դեպքն առնչվում է կրթական հաստատություններին: Ես հորդորում եմ ոլորտի պատասխանատուներին և Երևանի քաղաքապետին՝ անհապաղ զբաղվել այս հարցով, որովհետև կարծում եմ՝ կրթական ոլորտի քաղաքականության մեջ, եթե մի բան իրենք այսքան ժամանակ կարողանում էին բարձրաձայնել, դա ապաքաղաքականացումն էր, իրականությունն այդպիսին չէ: Այդ համակարգի նկատմամբ քաղաքական շահերը պահպանվել են»,- ասաց նա:

Ըստ Աշոտյանի՝ ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսների գործադրման կարիք չունի, մեծ քանակությամբ մարդիկ կլինեն երթին, բայց մյուս կողմից էլ իշխանություններն ուզում են վաղը ուժի ցուցադրություն անել, ընտրություններից առաջ իրենց մուսկուլները ցույց տալ:

 Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ