30 10 2018

Տեղեկատվական հերթական սադրանքը․ Պատգամավորի հակադարձումը՝ ռուս քաղաքագետին

Տեղեկատվական հերթական սադրանքը․ Պատգամավորի հակադարձումը՝ ռուս քաղաքագետին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն արձագանքում է Ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինին՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում:

Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները:

Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել, իսկ խնդրի հանգուցալուծումը դիտվել է բացառապես ամբողջական կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գերակայություններից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը:

Նույն հոդվածում Դուգինը Հայաստանին և Արցախին մեղադրում է «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ հոդվածի հիմնական նպատակն է, արդարացնելով ադրբեջանական ֆինանսավորումը, հերթական տեղեկատվական սադրանքը նախաձեռնելն է»:

Քաղաքագետն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

Այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին Ադրբեջանի հինգ, իսկ հեռանկարում` յոթ «գրավյալ» շրջանների վերադարձ, քաղաքագետը կարևոր սկիզբ էր համարում «ԼՂ հակամարտության հարցը փակուղուց հանելու առումով»:

Քաղաքագետը նշում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է քաղաքական խիստ անկայուն վիճակում, և եթե իշխանափոխություն չլիներ, «հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ