ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում արած հայտարարությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ-ն Բոլթոնի խոսքերը համեմատել է ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որի ժամանակ դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: Նա նաև խոստացել էր երկրին 26 մլն դոլար տրամադրել՝ «քաղհասարակության և լրատվամիջոցների ամրապնդման համար»:
«Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց՝ դա այդպես չէ»,- նշել են գերատեսչությունում։
Նշվել է նաև, որ «Բոլթոնը պահանջել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից (չէր թաքցվում, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին է)»:
«Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը