26 10 2018

Բոլթոնի հայտարարության մեջ վտանգ կա․ Ամերիկայի հայ դատի հանձնախումբ

Բոլթոնի հայտարարության մեջ վտանգ կա․ Ամերիկայի հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը շարունակելու է պնդել, որ Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևը պետք է խստագույնս պահպանվի, որը, ըստ ներկայումս վարչակազմի կողմից կասեցված օրենքի, սահմանափակում է ԱՄՆ–ի ուղղակի օգնության որոշ տեսակները, այդ թվում՝ հարձակողական ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանի կառավարությանը։ Այսպիսի հայտարարություն է տարածել հանձնախումբը՝ անդրադառնալով  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արած հայտարարություններին։

«Ադրբեջանի մեծացող ագրեսիան հաշվի առնելով՝ Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը կոչ է անում դադարեցնել 907-րդ բաժնի գործողության կասեցումները, իսկ Կոնգրեսին կոչ է անում սահմանափակել օրենքից հրաժարվելու իր լիազորությունը»,–ասված է հայտարարությունում։ 

907-րդ բաժնի կիրառմանը զուգահեռ՝ Հայ դատի հանձնախումբը հետևում է նաև Ադրբեջանին զենք մատակարելու հարցում վերահսկողության հնարավոր խախտումներին. «Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանի հարցում զենքի արտահանման վերահսկողության հնարավոր խախտումներին, այդ թվում՝ երրորդ կողմից զգայուն ամերիկյան զենքի, տեխնիկայի եւ դրոնների կամ այլ համակարգերի ծառայությունների մատակարարումներին»։

Հանձնախումբն անդրադարձել է նաեւ Բոլթոնի հայտարարությանը Հայաստանին զենքի վաճառքի պատրաստակամության մասին՝ նշելով. «Այստեղ վտանգն այն է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այդ երկրի ռազմական բյուջեի չափը, կարող է զգալիորեն ավելի ժամանակակից ամերիկյան զենք ձեռք բերել, քան Հայաստանը, ինչը կհանգեցնի անհավասարակշռության մարտական դաշտում եւ քաղաքական հարաբերություններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ