16 10 2018

ՀՀ-ն մեր դաշնակիցն է, ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին․ ռուս փորձագետ

ՀՀ-ն մեր դաշնակիցն է, ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին․ ռուս փորձագետ

Ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին:

Փորձագետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք չէ համեմատել ուկրաինական Մայդանի հետ: «Հայաստանում այլ իրավիճակ է, և պետք չէ համեմատել ուկրաինական դեպքերի հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս զինվորականները, և հայերը, ի տարբերություն ուկրաինացիների, չեն ձգտում դեպի ՆԱՏՕ։

«ՀՀ-ն պաշտոնապես մեր դաշնակիցն է, մենք նրանց հետ 1997թ-ից բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր ունենք։ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում մենք պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը մեզ հետ նման պայմանագիր կնքել և իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել չի ցանկանում, դա իր իրավունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ  մենք նույն վերաբերմունքն ունենք այդ երկու երկրների նկատմամբ»,- նշել է փորձագետը:

Պլատոշկինը նաև ընդգծել է՝ ՀՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր նստաշրջանների ժամանակ Ուկրաինային վերաբերող հարցերում քվեարկում է Ռուսաստանի շահերի օգտին այն դեպքում, երբ Ադրբեջանը քվեարկում է ամերիկյան դիրքորոշման օգտին:

«Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում: ՀՀ-ՌԴ հարաբերությունները 300-400-500 տարվա են, և դրանք կախված չեն ինչ-որ նախագահներից: Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր կոնֆլիկտների ժամանակ»,-ասել է փորձագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ