16 10 2018

Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին. Արմեն Աշոտյան

Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ի բոլոր հայտարարությունները տեղին են եղել և մենք տեր ենք մեր հայտարարություններին: Այս մասին հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ հայտարարությանը:

Խոսելով իր հայտարարության մասին, թե հոկտեմբերի 2-ից հետո ՀՀԿ-ական որոշ պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել, որի հետևանքով նրանք հայտարարեցին, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, պատգամավորն ասաց.

«Ես տեսա, թե ինչ ինտենսիվությամբ իշխանական քարոզչամեքենան փորձում էր հերքել հայտարարությունները, որ մեր որոշ պատգամավորների վրա եղել են ճնշումներ: Ի պատիվ վարչապետի պետք է ասեմ, որ նա այնուհանդերձ, յուրահատուկ փաթեթավորմամբ ընդունեց, որ եղել են ճնշումներ, դա վերագրելով ժողովրդի ճնշումներին: Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին. Սահմանադրական բարեփոխումների պահանջ վերագրել ժողովրդին, դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների պահանջ վերագրել ժողովրդին, ճնշումները վերագրել ժողովրդին: Նման գործելաոճը բոլոր դեպքերում շատ մեծ հեռանկարներ չունի»,-ընդգծեց Աշոտյանը:

Նրա խոսքով, նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում:

«Հայաստանը փոքր երկիր է, մեր քաղաքական վերնախավը շատ մեծ չէ, իսկ նոր վերնախավ աճեցնելը, վարձատրելը բավականին թանկ է: ՀՀ շահերը պահանջում են, որ նախորդ իշխանությունները ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը հաստատելու քաղաքական երկնակամարում: Եթե մենք ամեն անգամ քաղաքական ցիկլերը սկսենք նախկիններին արմատախիլ անելով, մենք երբեք չենք ունենա կայուն քաղաքական համակարգ»,-ընդգծեց Աշոտյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն, որ երկար տարիներ հավաքել է փորձ, գիտելիք, կապեր, պարտավոր է աշխատել ՀՀ քաղաքացիների համար. «Իհարկե, եթե բավարար թվով քաղաքացիներ կքվեարկեն ներկայացված լինելու ՀՀԿ-ի մանդատի համար»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ սա բացառապես իր տեսակետն է:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ում մի մասը, այդ թվում ինքը, կարծում են, որ պետք է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ մի մասն էլ պնդում է, որ այս ընտրական փուլը պետք է բաց թողնել և պատրաստվել հաջորդ քաղաքական զարգացումներին:

«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, որովհետև դեռ նշանակված էլ չեն արտահերթ ընտրությունները: Այս փուլում ընթանում են վերլուծական, հետազոտական աշխատանքներ, հանրային կարծիքի ուսումնասիրություններ, մոնիտորինգ: Երբ նշանակվեն ընտրությունները, մենք մեր որոշումը կհրապարակենք: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն և ասելիք ունի, և անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում: ՀՀԿ-ն այն բացառիկ կուսակցություններից է, որ ունի գաղափարական հիմք: Այլ հարց է, թե վերջին տարիներին մեզ որքանով է հաջողվել այդ գաղափարական ակունքները զուլալ պահել»,-հայտարարեց Աշոտյանը:

Հարցին, թե այդ հարցում ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը, Աշոտյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը այս պահի դրությամբ լսում է կարծիքները, որոնք շատ են, հիմնավորումները՝ տարբեր: Կուսակցության նախագահը խրախուսում է այդ ինտելեկտուալ բանավեճը: Մեզ մոտ որոշումներ կայացնելու համար քննարկումների լայն հարթակ կա: Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի վերջնական որոշումը, բայց այդ որոշումը կկայացվի պատեհ ժամկետներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ