15 10 2018

Քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական վարչությունը։

«Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր անում ենք մեր աշխատանքը:

Այսուհետ մեզ դիմած յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,- նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին և իր տեղում հետևողականորեն կատարի իր պարտականությունները:

«Ըստ այդմ, ակնկալում եմ, որ մեր թիմում իր աշխատանքը շարունակող յուրաքանչյուր աշխատակից հստակ գիտակցի, որ իր կատարած աշխատանքի համար կրում է 100 տոկոսանոց պատասխանատվություն: Մենք ծառայելու ենք Երևանի բնակիչներին և ամեն հարցում հաշվետու ենք լինելու առաջին հերթին նրանց առաջ: Ես իմ որոշումը կայացրել եմ և առաջիկա 5 տարին ծառայելու եմ մեր քաղաքին և նրա բնակիչներին: 5 տարի պահպանելու եմ այն կանոնները, որոնց համաձայն աշխատելու ենք բոլորս, և 5 տարի վերահսկելու եմ, որ այդ կանոնները պահպանվեն բոլորիս կողմից: Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ եթե որոշում կկայացնեք մնալ և աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաև ձեզանից»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ