Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ ընկերներիս հեղափոխական թեևը սկսել էր Հեղափոխություն 2.0-ի գաղափարական նախապատրաստությունը, «Կարթագենը պետք է կործանվի» ընդհանուր փիլիսոփայական թեզից մինչև «Պատգամավորներին կշպրտենք աղբամանները» կոնկրետ սպառնալիքներով։ Այդ ֆոնի վրա, հեղափոխական ճամբարում հնչում էին նաև սթափ մտքեր, որ վարչապետի հրաժարականը կարող է բերել նոր «կամիկաձե» վարչապետի նշանակման, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով, և եթե նույնիսկ հեղափոխությունը հաղթանակի, նա այս անգամ կարող է ավելի թանկ գին վճարել։ Ակնհայտ է, որ Նիկոլին անվերապահ հետևող հեղափոխական բանակը այս անգամ լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած, և պատճառ ունի։
Նախ, հասկանանք, թե ինչու համար է պետք դեկտեմբերին ընտրությունները։ Եթե վերանանաք բոլոր պայմանականություններից և մանիպուլյատիվ հռետորաբանությունից, որպեսզի ՔՊ-ն հաղթի մեծ առավելությամբ, և Ազգային ժողովում ունենա սահմանադրական մեծամասնություն, կողքից էլ մնա հիմնականում իր կողմից վերահսկվող ընդդիմություն, և կարողանա անվերապահ իշխել երկրում։ Եթե ընտրությունները գնան հաջորդ տարի, ՔՊ-ի ռեյտինգը կարող է փոքր-ինչ (բայց ոչ կրիտիկական) ընկնել, և այն այլևս կարող է չհավաքի սահմանադրական մեծամասնություն, թեև, մեծ հավանականությամբ, ևս կունենա ձայների կայուն մեծամասնություն, և կարող է հանգիստ ձևավորել սեփական կառավարությունը, թեև գուցե ստիպված կլինի հաշվի նստել այլ ուժերի հետ սահմանադրական բնույթի հարցերում։
Այս ոչ մեծ տարբերության համար, հեղափոխական իշխանությունը պատրաստ է հիմա գնալ մեծ ռիսկերի և զոհողությունների, մասնավորապես՝
ա) հրաժարվել նոր Ընտրական օրենսգրքից, որի վրա ամբողջ ամառ աշխատել են քաղաքական ուժերը, և որ մեզ բոլորիս խոստացված կարևորագույն քաղաքական փոփոխություններից մեկն է
բ) սրել հարաբերությունները համարյա բոլոր գործող քաղաքական ուժերի հետ, և զրկել նրանց ռեսուրսները հետագայում օգտագործելու հնարավորությունից (մասնավորապես, Դաշնակցության դեպքում դա լուրջ կորուստ է արտերկրում)
գ) սրել հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, որոնք արդեն սկսել են արտահայտել իրենց բացասական դիրքորոշումը առանց նոր Ընտրական օրենսգրքի, և առանց քաղաքական ուժերի վերակազմավորման համար բավարար ժամանակ տալու ընտրությունների անցկացման վերաբերյալ
դ) և վերջապես, ճանապարհ բացելով Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի նշանակման համար, ինչը այսօրվա պայմաններում երկիրը նորից կընկղմի քաոսի մեջ, և մեծ հավանականությամբ, այս անգամ արդեն արտաքին ուժերի տարատեսակ միջամտության հնարավորություն կբացի
Այսօր հեղափոխական իշխանությունը նման է մենամարտիկի (դուելյանտի), որը սեփական հավակնությունների խաթր, պատրաստ է նույնիսկ իր արյունը տալ, և որի ձեռքում է առաջին կրակոցը, հակառակորդին գտնելու հույսով, բայց որից հետո նա կորցնում է իրավիճակի հետագա վերահսկողությունը։ Դրա այլընտրանքը բանակցային լուծումն է, որում մասնակիցները հետ են տանում ատրճանակները, և փորձում համատեղ պատասխանատվությամբ լուծում գտնել ճգնաժամից, առավել ևս որ փոխզիջումների նորմալ դաշտ կա, կարելի է դրանց շուրջ մարդավարի պայմանավորվել, և արդյունքում թե «Կարթագենը կկործանվի» և թե Հայաստանը անարյուն և, ընդհանուր առմամբ շահած դուրս կգա ճգնաժամից։ Առնվազն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հատուկ շահ չունեն իրավիճակը սրելու, քանի որ կուզեին տեսնել իրենց նոր Հայաստանի քաղաքական համակարգում, և պատրաստ են խելամիտ պայմանավորվածության դեպքում աջակցել ԱԺ ցրմանը:
Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթը դա է վկայում, Դաշնակցությունն էլ մինչ հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ գիշերը, հեղափոխության դեմ որևէ ընդգծված քայլ չի կատարել և ՀՀԿ հետ նույն ճամբարում է հայտնվել, որովհետև ՔՊ ագրեսիվ պահվածքը այլ շանս չի թողել։
Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները, և հենց այստեղ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել սեփական կուսակցության կորպորատիվ շահից և ներկայացնել երկրի բոլոր քաղաքացիների շահը։ Հիմա իրենից է կախված, որ Հեղափոխություն 2.0 մահացու մենամարտի փոխարեն, դառնա հայ ժողովրդի իմաստության և քաղաքական տաղանդի նոր հանգրվանը, և լավ կլինի, որ մենք բոլորս իրեն դրանում օգնենք»,-եզրափակել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը