Լեռնային Ղարաբաղում ողջունում են Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի հուսադրող արդյունքները, սակայն կոչ են անում չմոռանալ, թե ում հետ գործ ունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:
«Այն ինչ կատարվում է վերջին շրջանում, ցույց է տալիս Ադրբեջանի և նրա ղեկավարության էությունը: Մի կողմից հնչում են լարվածության նվազեցման մասին ընդունելի հայտարարություններ, գործնականում «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքներ են անցկացվում, դրան զուգահեռ առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան սադրիչ հայտարարություններ է անում: Դրանք նշանային իրադարձություններ են, քանի որ իրականությունն այն է, որ Ադրբեջանի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - ընդգծեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, համապատասխանում է վերջին տարիների միջին ցուցանիշներին: «Ադրբեջանը չի կատարում ոչ միայն բանավոր պայմանավորվածությունները, այլև գրավոր համաձայնագրերն է հրաժարվում կատարել:
Այն նաև խախտում է ՄՀԻ-ն, ՄԱԿ-ի կանոնադրությունը, սեփական Սահմանադրությունը եւ օրենսդրությունը: 2016-ի ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն է: Հետևաբար, միշտ պետք է հիշել, որ ի դեմս Ադրբեջանի մենք ահաբեկչական պետություն հետ գործ ունենք», - եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կարճ երկխոսություն տեղի ունեցավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը