20 09 2018

Նաիրա Զոհրաբյանն ուղիղ եթերով բանավեճ է պահանջում Հայկ Մարությանի հետ

Նաիրա Զոհրաբյանն ուղիղ եթերով բանավեճ է պահանջում Հայկ Մարությանի հետ

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարգելով մյուս թեկնածուներին՝ պատրաստ է թեկնածուներից միայն Հայկ Մարությանի հետ բանավեճին մասնակցել։

«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները՝ սև, որ իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի հետ»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ չի մասնակցի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք 10 թեկնածուի հետ բանավեճին՝ «Խաղի կանոններ» հեռուստածրագրին:

«Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ` նախնական տեսաձայնագրմամբ։ Դա, կարծում եմ, վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ` ես հասկանում եմ ուղիղ եթերով, տեսաձայնագրմամբ բանավեճը  ես համարում եմ վիրավորանք մեր հասցեին: Բանավեճ` տեսաձայնագրմամբ, ես հասկանում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը և ձևաչափը»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանը դիմեց Հայկ Մարությանին. «Ես երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել: Պատրաստ եմ ընդունել բանավեճի` ձեր օրակարգը: Ես հետևեցի՝ վերջին օրերին Դուք դատողություններ էիք անում Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Շատ սկզբունքային և կարևոր դատողություն։ Պատրաստ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր մոդելների վերաբերյալ Ձեզ հետ բանավիճել, հարգելի՛ թեկնածու: Հեշտացնում եմ խնդիրը` բանավեճի օրակարգն ընտրեք Դուք։ Ինչ ոլորտից ուզում եք, խոսենք, բանավիճենք, բայց միայն Ձեզ հետ` ուղիղ եթերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ