11 09 2018

Եթե երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ գաղտնալսելուց, ապա ի՞նչ կարելի է ասել քաղաքացիների մասին․ պատգամավորի ելույթը

Եթե երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ գաղտնալսելուց, ապա ի՞նչ կարելի է ասել քաղաքացիների մասին․ պատգամավորի ելույթը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովում։

«Սիրելի հայ ժողովուրդ: Այսօր փորձում ենք կառուցել նոր, արդար, մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովող երկիր:

Իսկ կառուցել, առաջին հերթին նշանակում է դուրս գալ քանդելու, ստորացնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից: Մենք իրավունք չունենք չվերանայելու մեր անցած տարիներն ու չխուսափելու արդեն կատարված սխալների կրկնությունից:

Մոտ 25 տարի առաջ էլ ժողովրդի նույն խանդավառությամբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ ունեցանք արդյունքում:

Նրա ու նրա թիմի թողած դաժան ժառանգությունը անվերադարձ սեփականաշնորհված ու թալանված գործարանների տեսքով, մինչև օրս դեռևս չգերազանցված ընտրախախտումների դասերի տեսքով դեռ երկար են խնդիրներ առաջացնելու մեր երկրի համար:

Սիրելի երիտասարդներ, հարցրեք Ձեզ շրջապատող մեծերին: Ճշտեք, թե ինչ դաժան օրեր էին դրանք  և կուզեի՞ք  արդյոք դուք էլ անցնել այդ փորձությունների միջով:

Այդ օրերին ժողովրդին միավորող, հրապարակ հանողը «Ղարաբաղը մերն է» կարգախոսն էր, ԼՏՊ-ն հմտորեն օգտագործեց այդ ամենը և եկավ իշխանության: Եկավ ու սկսվեց իր իսկական ծրագրի իրականացումը մի թիմով, որը կամ չէր գիտակցում ծրագրի էությունը, կամ էլ լավ էլ գիտակցելով երկիր էր քանդում:

Այս ամենից պետք է հետևություն անել. Ճիշտ է, խիստ կարևոր է, թե ինչ ծրագրով են գալիս հրապարակ առաջնորդները, բայց պակաս կարևոր չէ նաև, թե ինչ թիմով են գալիս և կարող է արդյոք այդ թիմը իրականացնել այդ ծրագիրը:

Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադևոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի առաջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը  հայտարարում է, թե Հայաստանում պետք է ձևավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակարգը, իսկ թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ակտիվությունը, մարիխուանայի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս  հանդուրժողականության պահանջները, սորոսականների գերակտիվությունը:

Քաղաքապետի իրենց թեկնածուն առաջ է բերում Վանո Սիրադեղյանի «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսն ու ժողովրդին բաժանում սևերի ու սպիտակների: Այսօր էլ արդեն ԱԱԾ-ի պետը, փոխարեն պատասխանի, թե այդ ինչպես է ստացվել, որ գախտնալսվել է իր հեռախոսազրույցը, մի բան էլ ինքն է այդ հարցը տալիս: Կներեք, բայց այդ մենք պետք է հարցնենք: Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին:

Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը:

Պետք է վերանայել երկրում տարվող կադրային քաղաքականությունը: «Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը:

Պետք է հասկանալ, որ ցանկացած քաղաքական ուժ, ստանալով որոշումների կայացման մենաշնորհի հնարավորություն, չի տարբերվելու նախորդներից, ովքեր էլ լինեն այդ ուժի ներկայացուցիչները: Այսօր մենք պետք է փոխենք մեր մոտեցումները: Այս հզոր շարժումը, մեր երիտասարդության ներուժը պետք է ուղղել ոչ թե ընդդեմի, այլ հանունի համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ