11 09 2018

Ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ զանգովի արդարադատության չկա. Շարմազանովը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին

Ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ զանգովի արդարադատության չկա. Շարմազանովը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի աղմկահարույց հեռախոսազրույցներին՝ տալով հետևյալ հարցը․ ի՞նչ կապ ունի վարչապետն այս ամենի հետ, ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա:

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում հայտնել եմ բազմաթիվ մտահոգություններիս մասին:  Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի ազատության վրա հիմնված պետություն, այլ ամեն կերպ փորձում են սպանել ազատ խոսքը, բազմակարծությունը և ժողովրդավարությունը:

Դրա վառ ապացույցը օգոստոսի 17-ի հանրահավաքն էր, որտեղ իշխանության ղեկավար Փաշինյանը մի ողջ սպառնալիքների և շանտաժի ալիք բարձրացրեց ընդդեմ իր ընդդիմախոսների, ինչու չէ նաև  պատգամավորների, դատարանների և անկախ փորձագետների, ովքեր հանդգնել էին կարծիք  արտահայտել, որը մերօրյա միապետի կարծիքին համահունչ չէր: Եթե միջնադարում ասում էին՝ պետությունը ես եմ, ապա այսօրվա իշխանությունը ավելի հեռուն գնաց և ասում է՝ պետությունը իմն է:  Ակնհայտ է՝ երբ  իշխանությունը նեղն է ընկնում, երբ նյարդային է դառնում, աջ ու ձախ սպառնում է՝ օգնություն խնդրելով ԱԱԾ-ից:

Ասել և ասում եմ՝ իշխանության համար կարևորը բարձր խոսելը չէ, այլ արդյունավետությունը: Հարց եմ տալիս՝ ու՞ր է թռիչքային զարգացումը, ու՞ր են նոր աշխատատեղերը, ու՞ր են նոր ներդրողները, ու՞ր է աղքատության նվազումը, ու՞ր է գների անկումը. ոչ մի բան չկա,զրո արդյունք:Բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավարը՝ Փաշինյանը, սեփական աթոռը պահելու համար պատրաստ է գնալ Սահմանադրության փոփոխության կամ ինքնալուծարել այս  խորհրդարանը:

Կրկնում եմ՝ Հայաստանում ցանկացած գործընթաց պետք է լինի միմիայն Սահմանադրության համապատասխան, և ըստ Սահմանադության՝ ոչ թե Ազգային ժողովն է հաշվետու կառավարությանը, այլ կառավարությունն ու վարչապետն են հաշվետու Ազգային ժողովին:

Հարգելի խորհրդարան, բազմաթիվ առիթներով նշել եմ իմ մտահոգությունները զանգովի արդարադատության, քաղաքական պատվերի և հնարավոր վենդետայի վերաբերյալ: Այսօր  համացանցում հրապարակվեց սենսացիոն ձայնագրություն: Մտահոգիչ է, իհարկե, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրվում և գաղտնալսվում է: Եվ ես կարծում եմ, որ, այո՛, այստեղ մենք պետք է պարզենք, թե ինչպես է դա հայտնվել: Բայց կրկնակի, եռակի, հազարապատիկ մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը:

Փաշինյանը բազմիցս նշել է, որ ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների աշխատանքին: Սակայն մենք տեսնում ենք, որ ըստ այդ ձայնագրության՝ դատավորը զանգում է ԱԱԾ պետին, վերջինս նշում է՝ ուզես-չուզես պետք է կալանք տաս: ՀՔԾ պետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ԱԱԾ պետին հարցնում է՝ չփակե՞նք, քննարկեք հարցը վարչապետի հետ, ես ասել եմ վարչապետին: Հարց. ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա: Նույնիսկ ձայնագրության մեջ պահ կա, որտեղ նշվում է, որ  վարչապետն ասում է՝ փակեք:

Սա ուղղակի խայտառակություն է, մարտարավեր Հայաստանի ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքին: Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել, ասել և ասում եմ՝ մարտի մեկը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝ գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել: Դրա համար կան համապատասխան մարմիններ և օրենք: Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքացիներին, միջազգային կառույցներին հստակ  գնահատական տալ այս խայտառակությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ