Մեքսիկայի խորհրդարանի քաղաքական համակարգման խորհրդի ղեկավար Մարիո Դելգադոն հայտնել է բյուջեի տնտեսման նպատակով պատգամավորների արտասահմանյան ուղևորություններ չեղարկման մասին, գրում է РИА Новости-ն։
Բյուջեի միջոցները խնայելու ծրագիրն առաջին քայլերից մեկն է, որոնց մասին հայտարարել էր Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հուլիսի 1-ի ընտրություններում հաղթելուց հետո: Նա խոստացել է չեղարկել բյուջեի հաշվին պաշտոնյաների բժշկական ապահովագրությունը և հայտարարել, որ իր իշխանության գալուց հետո ոչ մի պաշտոնյա չի կարողանալու ավելի շատ գումար ստանալ, քան պետության ղեկավարը: Իսկ իր աշխատավարձը Աբրադորն սահմանափակել է ամսական 108 հազար պեսոյով, որը կազմում է մոտ 5,6 հազար դոլար։
Ինչպես նշվում է Դելգադոյի հաղորդագրության մեջ, խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք երկու միջոցառման՝ Կանադայում ParlAmericas լիագումար ասամբլեային և Բալիում կայուն զարգացման համաժողովին։
Դելգադոյի խոսքով՝ Մեքսիկայի նոր խորհրդարանը, որը դեռ նոր է սկսել իր աշխատանքը, ընդհանուր առմամբ մտադիր է լրջորեն վերանայել բյուջեի հաշվին պատգամավորների արտասահմանյան ուղևորությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը