07 09 2018

Մի բան դու ես ասում, իսկ ԱԽ քարտուղարդ՝ այլ բան. Շարմազանովը՝ Փաշինյանին

Մի բան դու ես ասում, իսկ ԱԽ քարտուղարդ՝ այլ բան. Շարմազանովը՝ Փաշինյանին

Հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, որը երեկ փաստեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր, վա՜յ, քոռանամ ես, է՜, քոռանամ քո համար, որ մի բան ես ասում, իսկ Անվտանգության խորհրդիդ քարտուղարն այլ բան է ասում։ Հեգնանքով պետք չէ մեզ հետ խոսել, մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք ասում»,- ասաց նա։

Շարմազանովը հարցադրում արեց, թե երբ վարչապետը ՌԴ-ին ՀՀ նոր իրավիճակին ադապտացվելու կոչ է անում, կամ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը հումորով է պատասխան, իսկապե՞ս հավատում է, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա․ «Ի՞նչ է, նրա հումորը լա՞վ են ընդունելու ՌԴ-ում, կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում, վարչապետը գտնում է, որ սա լա՞վ ազդակ է»։

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ՀՀ երեք նախագահների ժամանակ նման իրավիճակ չի տեսել։ Ըստ նրա՝ խնդիրը միայն հայ-ռուսական համբերությունների վատթարացման մեջ չէ։

Շարմազանովի կարծիքով՝ խնդիրներ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ «Գնում են Եվրոպա գալիս են ու ասում են՝ ինչո՞ւ մեզ փող չեք տվել, մենք հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունները տեսանք չէ՞, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան էլ ասաց չէ, որ լուրջ ներդրումային ծրագիր Միացյալ Նահանգներից չկա։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ զարգացրել են հարաբերություները, որ մնում է ՌԴ-ի հետ։ Խնդիրն այն է, որ այս մարդիկ չունեն հայեցակարգ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը ավելացնելով, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը հայեցակարգ չունի նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված․ «Ասում է, որ ես գամ, ձեզ հետ կքննարկեմ ու կորոշենք, այ, ընկեր ջան, էս ի՞նչ ենք անում մենք, սա խայտառակություն է, բա կառավարությունն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չե՞ս վերցնում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը` այս ընթացքում, ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ. պարզվեց` Հրանուշ Հակոբյանը 70 մլն դրամ չգիտենք, թե ինչ է արել, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ են չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են «կերել», անգամ վարչապետն է ասում` զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ-ի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ ա մտնում: Կամ` գործ անելու փոխարեն մեր  կառավարության սիրելի գործընկերները զբաղված են` շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա` հաց և տեսարաններ. հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած: Բանանն էժանացավ, մեռան` կոխելով աչքներս: Բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ»:

Նա նշեց, որ կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի:

«Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են: Հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի, կխոսենք: Հայտարարեցին` տուշոնկա- մուշոնկա, կարողանալո՞ւ են իրենք... Ես Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, նա պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում` մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Դա որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- ասաց Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ