25 07 2018

Ռոբերտ Նազարյանը հեռացավ, Արտակ Շաբոյանը դեռ պաշտոնավարում է. «Հրապարակ»

Ռոբերտ Նազարյանը հեռացավ, Արտակ Շաբոյանը դեռ պաշտոնավարում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը։ Նազարյանը մեզ հայտնեց․ «Ես հուլիսի 1-ին վայր եմ դրել իմ լիազորությունները»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ նա կրկին պաշտոնավարի, Նազարյանը պատասխանեց․ «Հանձնաժողովի նոր նախագահ ԱԺ-ն կընտրի սեպտեմբերին։ Էլ ոչ մի հարցի չեմ պատասխանի»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանն այս պաշտոնին վերջին անգամ նշանակվել էր 2013 թվականի հուլիսի 1-ին՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իսկ մինչ այդ էլ տասը տարի շարունակ զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Մեկ այլ հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020 թվականին։ 2015-ին նա վերանշանակվել էր այս պաշտոնում և հին Սահմանադրությամբ պետք է պաշտոնավարեր 5 տարի ժամկետով։

Սակայն նոր, փոփոխված Սահմանադրությամբ՝ կառավարությանն առընթեր հանձնաժողովներին ինքնուրույն պետական մարմինների կարգավիճակ է տրվել, և օրենքով փոփոխվել է դրանց նախագահի և անդամների նշանակման կարգը։ Հանձնաժողովի անդամները նշանակվելու են արդեն ոչ թե նախագահի, այլ ԱԺ-ի կողմից, իսկ թեկնածությունները վարչապետը ներկայացնելու է Ազգային ժողովի քննարկմանը։ ՏՄՊՊՀ վերանշանակումների գործընթացը պետք է ավարտված լինի մինչև 2019 թվականի ապրիլը, այնպես որ, ամեն րոպե Նիկոլ Փաշինյանը կարող է մտնել ԱԺ՝ հանձնաժողովի նոր կազմի առաջարկով։ Ըստ խոսակցությունների, սպասվում է, որ ՏՄՊՊՀ նախագահի կամ առնվազն մի քանի հանձնաժողովականների տեղերը զբաղեցնելու հավակնություններ ունի ՀՅԴ-ն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ