Վրաստանում օգոստոսի 1-15-ը կանցկացվեն «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես նշվում է, շուրջ 3 000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:
Վրաստանի ՊՆ-ն հաղորդում է՝ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ:
Անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը