06 07 2018

Սամվել Ֆարմանյանի «հակաբուքմեյքերական» նախաձեռնությունը և արձագանքը՝ դրան արձագանքողներին

Սամվել Ֆարմանյանի «հակաբուքմեյքերական» նախաձեռնությունը և արձագանքը՝ դրան արձագանքողներին

ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակներին, այլև դրանց ինտեռնետ տարբերակներին՝ տեղական և միջազգային: Այս նախաձենության շուրջ սկսել եմ աշխատել դեռեւս 2015 թ.-ից:

Այս ամբողջ ընթացքում տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են այդ նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական, տեխնիկական և այլ հիմնավորումներ: Արդյունքում, կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին, ընդ որում խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներառող, անցկացնել փոփոխությունների միայն այն հատվածը, որով էական ֆինանսական պատիժներ են սահմանվում այն բուքմեյքերական գրասենյակների նկատմամբ, որոնք խաղադրույքներ են ընդունում անչափահասներից: Ընդ որում, տարիքային սահմանաշեմն էլ նախկին 18-ի փոխարեն դարձրեցինք 21:

Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ, անգամ եթե դրա արդյունքում մի քանի ընտանիք դառնում են միլիոնատեր:

Անչափ ուրախալի է, որ նույն կարծիքն է դեռևս 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ հայտնել նախկին պատգամավոր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ որևէ արգելք չեմ տեսնում օրենսդրական նախձեռնության անցկացման և ընդունման համար: Ավելորդ է անգամ բերել փաստեր, թե ինչու է պետք բիզնեսի այդ տեսակն արգելվի մեր երկրում»:

Պատգամավորի գրառմանը հետևել են տարբեր մեկնաբանություններ և գրառումներ, որոնց նա պատասխանել է հորդորով.

«Հայաստանյան բուքմեյքերական ընկերությունների ղեկավարներին, սեփականատերերին հորդորում եմ՝ դադարեցնել իմ նախաձեռնության դեմ կազմակերպված արշավը, անձնական հարձակումները։ Դա ինձ շեղել չի կարող։ Իսկ հնչող սպառնալիքներին արձագանքելու եմ դրանք հավաքելով ու իրավապահ մարմիններին փոխանցելով։ Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա։ Ես պատգամավոր եմ ու ունեմ իրավունք՝ հանդես գալու նման նախաձեռնությամբ։ Ու այն անցնելու է»,- գրել է Սամվել Ֆարմանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ