30 06 2018

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձևակերպումն, ինչը նաև տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:

Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձևակերպումների և շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարևոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից և տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձևակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենևին բոլորը չեն, որ հայեր են, դեռևս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը և նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միևնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձևավորման և հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է և հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ