Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին:
Կիմ Չեն Ընը հարավկորեացի գործընկերոջից ներողություն է խնդրել նախորդ տարի իրականացված միջուկային փորձարկումների համար, որոնց պատճառով Հարավային Կորեայի նախագահը ստիպված էր լինում առավոտյան ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել: Նա խոստացել է, որ այլևս երբեք չեն խանգարելու նրանց քունը:
Այսպիսով, Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հանդիպման ընթացքում Կիմ Չեն Ընը և Մուն Չժե Ինը համաձայնել են այս տարի վերջ դնել յոթ տասնամյակ տևած պատերազմին և հասնել Կորեական թերակղզու «ամբողջական ապամիջուկայնացման»: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նրանք նշել են, որ հաջորդ ամիս կանցկացվեն ռազմական ղեկավարությունների բանակցություններ: Ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են պաշտոնապես հայտարարել պատերազմի հանգուցալուծման մասին և մինչև տարվա վերջ զինադադարը վերածել խաղաղության պայմանագրի:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953 թվականին, այնուհանդերձ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը