«Ելք» դաշինքի երեք կուսակցությունների ճանապարհային քարտեզում փողոցային պայքար կա, սակայն քննարկումների արդյունքում դրանք չեն միավորվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միայնակ թողնելն Էդմոն Մարուքյանը բացատրեց այսպես. «Կան տակտիկական տարբերություններ, տարբեր մոտեցումներ: Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա»: Իսկ թե ովքեր են այդ մարդիկ կամ ուժերը, որոնց հետ նույն հարթակում չի պատկերացնում, Մարուքյանը չասաց:
«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ բռնություններ չլինեն: Եթե որևէ մեկը փորձի այդտեղ բռնություն կիրառել, բռնության քարոզ անել, կկանխվի նախաձեռնողների կողմից»,- նշեց նա:
Դաշինքի երեք ուժերն էլ համարում են, որ չի կարելի, որ չի կարելի թույլ տալ Սերժ Սարգսյանը ղեկավարման երրորդ ժամկետի անցնի: Բայց դրան հասնելու հարցում կան մոտեցումների տարբերություններ:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին կհրապարակի իր կուսակցության գործողությունների ծրագիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը